▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լայնամասշտաբ պատերազմի դեպքում կարծում եք Ռուսաստանը հարվածելո՞ւ է Ադրբեջանին

«Ադրբեջանը Ռուսաստանի հետ իրական ռազմական գործընկերոջ հարաբերություններ է հաստատել: Այս երկու երկրները հնարավոր է՝ փոխադարձ զիջումների գնան Հայաստանի հաշվին: Իսկ, եթե 2016թ. ապրիլին Հայաստանն անցներ լայնամասշտաբ հակարհարձակման, որն ամբողջությամբ օրինական գործողություն կլիներ, կունենար այլ իրավիճակ, Արցախի հարցն էլ լուծված կարելի էր համարել: Հիմա ադրբեջանական մամուլից ենթադրելի է, որ պատրաստվում են լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Եթե պատերազմը անխուսափելի է, ապա Հայաստանին ձեռնտու է, որ այն հնարավորինս շուտ լինի, քանի որ ժամանակի հետ համընթաց մեր երկիրն ավելի է թուլանում, մարդուժ է կորցնում, միջազգային իրավիճակն էլ ոչ ձեռնտու է դառնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Asekose.am-ի թղթակցի դիտարկմանը՝ Ադրբեջանն այդքան քաջություն կունենա՞, որ լայնամասշտաբ պատերազմ սկսի, չէ՞ որ այստեղ արդեն ՀԱՊԿ-ի դերը կա, քաղաքագետը նկատեց.

«Հայաստանում շատ տարօրինակ մտածելակերպ կա՝ շատ են հավատում գեղեցիկ խոսքերի, փաստաթղթերի ու պայմանավորվածությունների: Տեսե՛ք, Թուրքիան որևէ պայմանագիր հաշվի չի առնում, եթե համարում է, որ դա իր շահերից չի բխում: Սկսում է հստակ գործողություններ ու ստիպում է բոլորին, այդ թվում և  գործընկերներին, ընդունել իր արածի արդյունքներն ու սկսում է դրանց շուրջ բանակցել: Ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ից վախենալ: Ենթադրենք, Ադրբեջանը դողալով հարձակվում է Հայաստանի վրա ու հասնում է Երևանի մատույցներին: Ի՞նչ է անելու ՀԱՊԿ-ն, ոչինչ: Անդամ պետություններից ոչ մեկն է Հայաստանին չի պաշտպանելու: Ենթադրվում է, որ Ռուսաստանն է պաշտպանելու, բայց հաստատ ոչ Բելառուսը կամ մյուս երկրները: Ռուսաստանն էլ զորք չի հանելու Ադրբեջանի դեմ: ՀԱՊԿ-ն գործելու է հեռախոսազանգի մակարդակով: Հայտնի դեպքեր կան, երբ ԱՄՆ նախկին նախագահները զանգահարել են՝ միջամտելու այլ պետություններում տեղի ունեցող ռազմական գործողություններին՝ դրանք կասեցնելու նպատակով, բայց նրանց զանգերին չեն պատասխանել: Հիմա, եթե կարծում եք, որ ԱՄՆ-ն միջուկային զենքով հարվածելու է ագրեսոր պետություններին և ջնջելու է նրանց, հեքիաթ է: Նույնը այս դեպքում.Ալիևը կարող է 12 ժամ կորած լինել ու չպատասխանել զանգերի: Կարծում եք, որ Ռուսաստանը հարվածելո՞ւ է Ադրբեջանին: Հայաստանը պետք է հույսը դնի իր վրա ու փորձի նոր դաշնակիցներ գտնել, որոնք կկատարեն իրենց պարտավորությունները»:

Հարցին, մենք պատրա՞ստ ենք պատերազմի, Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց.

«Հայաստանը պատրաստ չէ և ամենից ավելի պատրաստ չէ հայաստանյան հասարակությունը: Ապրիլի նախօրյակին ոչ ոք անգամ չէր էլ ակնկալում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություն է ծրագրավորում: Հիմա` երկու տարի անց, ոչ ոք անգամ չի ուզում մտածել, որ առաջիկա բախումն աննախադեպ խոշոր և ճակատագրական է լինելու: Հայաստանում կարծես բոլորը խոր քուն են մտել և վախենում են արթնանալ քնից, որովհետև իրականությունը մեղմ ասած, տհաճ է լինելու: Բայց դրանից իրականությունը չի փոխվում: Փոխարենը փոխվում է ամեն դեպքում արթնացողի հաղթանակ ապահովելու շանսերի տոկոսը»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև  ռուս ռազմական ոստիկաններին Հայաստան ուղարկելու որոշմանը:

«Օտարերկրյա ռազմուժի անհրավեր ներկայությունը յուրաքանչյուր երկրում անվտանգ չէ: Հայաստանը ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիր ունի, բայց  ոչինչ չկա  ռուսական ռազմական ոստիկանության մասին: Այսօր ռազմական ոստիկաններն են, վաղը կարող են խաղաղապահները լինել: Հայաստանը, թե այլ պետություն` այդպիսով զիջում է սեփական պետության սուվերենության վերջին ծվենները և դա չի կարող մտահոգիչ չլինել»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին