▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնել...Ֆելիքս Ցոլակյան

Դեկտեմբերի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանդիպումը Լեռնային զբոսաշրջության ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր լեռնափրկարարական ծառայությունների իրականացման ոլորտում առկա խնդիրների քննարկումը:

Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարիա Գրիգորյանը, ինչպես նաև` Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

ԱԻ նախարարը ողջունելով ներկաներին` նշեց, որ լեռնափրկարարական ծառայությունների իրականացման ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք փրկարարների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով լուծման կարիք ունեն:

-Փրկարարների աշխատանքի օպերատիվ և արդյունավետ կատարման համար Փրկարար ծառայությանը պետք է տրամադրվի արշավախմբերի և անհատ լեռնագնացների երթուղիների մասին տեղեկատվություն, - շեշտեց Ֆելիքս Ցոլակյանը:

Առաջարկություն եղավ ստեղծել առցանց հարթակ, որտեղ տուրիստական գործակալությունները, ինչպես նաև անհատ լեռնագնացները նախապես կգրանցեն արշավների երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը:

Կարևորվեց նաև համապատասխան օրենսդրական դաշտի առկայությունը, որը կկարգավորի ոլորտը:

Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարիա Գրիգորյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում նոր օրենքի նախագծի շուրջ:

Քննարկվեց նաև ուղեկցորդ-զբոսավարների վերապատրաստման հարցը, ինչպես նաև` որակավորման տրամադրումը:

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը տվեց համապատասխան հանձնարարականներ հնչած առաջարկությունները ամփոփելու և հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Ֆ. Ցոլակյանին ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով հանդիպում կազմակերպելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին