▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողները հայց են ներկայացրել՝ ընդդեմ Գեղամ Նազարյանի՝ զրպարտnւթյան և վիրավnրանքի համար

Լրագրողներ Անի Գևորգյանը և Անի Խաչատրյանը հայցադիմում են ներկայացրել ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի դեմ՝ վիրավորանքի և զրպարտության համար։ «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Հայցադիմումի առիթը Կիրանցում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպը, երբ ընդդիմության ընտրացուցակով պատգամավոր դարձած, ապա ճամբարափոխ եղած Գեղամ Նազարյանը վիրավորել և հայհոյել է լրագրողներին, ովքեր լուսաբանում էին Փաշինյանի ներկայությամբ եկեղեցու օծման արարողությունը։

Նազարյանը ոչ միայն վիրավորել, այլև՝ սպառնացել էր լրագրողին՝ նշելով․ «Արա, էս ովա, սրան հավաքեք ստեղից տարեք», «Ես օգոստոսի 2-ից հետո ազատ մարդ եմ լինելու, դու բանտում փտելու ես», ինչպես նաև՝ հնչեցրել զրպարտություն հանդիսացող տեղեկություններ․ «Լսի, բոլորը գիտեն, որ դու անբարոյական ես, սուրբ տեղը խի ես եկել, սուրբ տեղը խի ես եկել անբարոյականություն անում», «սա անբարոյական, լրագրության հետ կապ չունեցող անձնավորություն է»։

Դեպքից հետո լրագրող Անի Գևորգյանը պատմել էր, որ երբ մոտեցել էր եկեղեցի՝ օծման արարողությունը լուսաբանելու, ՊՊԾ ծառայողները մոտեցել և ասել են, որ թույլ չեն տալու մոտենալ, շատ հանգիստ քննարկում է եղել, այդ խոսակցության ժամանակ լսում էր, որ իրեն վիրավորելով մեկը մոտենում է՝ Գեղամ Նազարյանն էր, ով հորդորում էր՝ լրագրողին հավաքել ու տանել, հայհոյանքներ հնչեցրել։

«Ուզում եմ Գեղամ Նազարյանին հիշեցնել, որ նա բազմիցս հենց իմ տեսախցիկի առաջ մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին՝ իր որդուն սպանելու մեջ։ Հիմա անբարոյականության մասին ո՞վ իրավունք ունի խոսելու»,- արձագանքել էր լրագրողը՝ Նազարյանի պահվածքը գնահատելով որպես հերթական հարձակում՝ լրագրողների դեմ։

Այժմ լրագրողները հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ Գեղամ Նազարյանի՝ պահանջելով հերքել զրպարտությունը և ներողություն խնդրել վիրավորանքի համար, ինչպես նաև՝ հօգուտ Անի Գևորգյանի բռնագանձել Նազարյանից բռնագանձել 1,000,000 ՀՀ դրամ՝ որպես հասցված վիրավորանքի համար փոխհատուցում, ևս 1,500,000 ՀՀ դրամ՝ որպես հասցված զրպարտության համար փոխհատուցում, հօգուտ Անի Խաչատրյանի Նազարյանից բռնագանձել 500,000 ՀՀ դրամ՝ որպես հասցված զրպարտության համար փոխհատուցում։ Այս պահին դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին