▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լրտեսական կրքեր» ու մատնիչության վարակ

Իշխող հետխորհրդային էլիտաների փոխգործակցությունը «պոկեմոններին բռնելու» հարցում միջազգային համերաշխության նոր ձև է դարձել

Ռուսական «Գազպրոմի» թոփ-մենեջեր Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրելը ոչ առանց հիմքերի գնահատում են որպես Երևանի վրա ազդեցությունն ավելացնելու Մոսկվայի ձգտում: Պարզ է, որ ՀՀ կառավարության նոր ղեկավարի ընտրությունը պայմանավորված է մի շարք գործոններով, սակայն Ռուսաստանի իշխող շրջանակների մտահոգությունն այն հարցի շուրջ, որ հասարակական կարծիքի մեջ Ռուսաստանը կորցրել է իր դիրքերը որպես դաշնակից երկիր, որոշակի դեր է խաղացել: Այնպես որ, Հայաստանում վարչապետի փոփոխությունը կարելի է դիտարկել այլ իրադարձությունների համատեքստում, այդ թվում՝ գաղափարական ճակատում տեղի ունեցող:

Ամեն անգամ տեսնելով «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիան «հետաքննող» հեռուստատեսային սյուժեները՝ հիշում եմ «Լրտեսական կրքեր» խորհրդային հիանալի մուլտֆիլմը: Դրա կուլմինացիոն տեսարանում ծծկեր երեխայի «մատնության» շնորհիվ հնարավոր է դառնում կանխարգելել Արևմուտքի խոշոր դիվերսիան. «Հորեղբայր, մորաքույր, պուկ-պուկ, բաբա բում-բում, բյակա»:

Հիմնավորվածության և արժանահավատության մոտավորապես այսպիսի մակարդակ ունեն հայկական և ռուսական լրատվամիջոցների տարբեր հրապարակումները, որոնք «մերկացնում են» «հինգերորդ շարասյան» գործունեությունը, ինչով էլ այն զբաղվելիս լինի՝ անտառների փրկությամբ կամ անկախ արդարադատության երաշխիքներով, սեփականության իրավունքների պաշտպանությամբ կամ ընտրությունների օրինականությանը հետևելով: Ամեն ինչի ետևում արտերկրից ոգեշնչված դավադրություններ են նկատվում:

Նման «կոմպրոմատի» պակաս հայ քաղաքական գործիչների, լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների դեմ, ովքեր փորձում են խանգարել «կյանքի տերերին» երկիրը տնօրինել սեփական հայեցողությամբ, երբեք չի զգացվել: Սակայն նախկինում նման կերպ լուծվում էին մեծ մասամբ ներազգային հարցերը:

Իսկ «պոկեմոն բռնելու» հարցում իշխող հետխորհրդային էլիտաների փոխգործակցությունը միջազգային համերաշխության, իրենց ռեժիմին սպառնացող վտանգների վնասազերծման փորձի փոխանակման նոր ձև է դարձել: Նորագույն զինանոցից միջոցների ընտրությունը՝ զնդան նետելը, «արտասահմանյան գործակալների» ցուցակում ներառելը, այլընտրանքի ստեղծումն ի դեմ GONGO-ի (իշխանության կողմից վերահսկվող քաղաքացիական հասարակության կազմակերպություն) հիմնականում ինքնիշխան գործ է միշտ եղել:

Ներքին քաղաքականությունը «լրտեսական կրքերի» գլխավոր բեմը միջպետական հարաբերությունների ոլորտին է զիջել միայն վերջին տարիներին, երբ Կրեմլը հստակ որոշել է կանգնեցնել միացյալ Եվրոպայի առաջխաղացումը դեպի նախկին ԽՍՀՄ տարածքի խորքերը:

Հայաստանում հատուկ ծառայությունների հետ համագործակցության արդյունքում Ռուսաստանի դեսպանատան կազմած Արևմուտքի գործակալների «սև ցուցակների» մասին ենթադրությունները հայտնվեցին 2013թ-ի սեպտեմբերի 3-ից հետո: Այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը բոլորի համար անսպասելի կերպով հայտարարեց, որ երկիրը մտադիր է մասնակցել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը՝ դրանով իսկ աղբամանը նետելով ԵՄ հետ Հայաստանի ասոցացման համաձայնագիրը: Տրամաբանական էր ենթադրել, որ սեպտեմբերյան «շրջադարձից» դժգոհներին ծանր ժամանակներ են սպասվում:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հարցազրույցներից մեկում տեղի իշխանություններին կոչ արեց ռուս-հայկական հարաբերությունների մեջ  «սեպ խրող» հասարակական կազմակերպությունների հարցերը լուծել: Հայկական իշխանությունների պատասխանը բավականին պատվաբեր էր. հայկական ոչ կառավարական կազմակերպությունները գործում են օրենքի շրջանակում, և պետությունը գնահատում է նրանց աշխատանքը:

Սակայն եթե նրանք, ովքեր մոսկովյան ուղեծրում Հայաստանի պտույտը չէին խրախուսում, սեփական իշխանությունների կողմից ակնհայտ ճնշման չբախվեցին, ապա Հյուսիսից եկող ատելության ալիքները սկսեցին ավելի ու ավելի բուռն դառնալ: Եվ որքան շատ են ռազմավարական գործընկերոջը չվստահելու առիթները հայկական հասարակության համար, այդքան ավելի պնդերես են դառնում սիրել ստիպելու պատասխան ճիգերը:

Տխուր պատմություն 2015թ-ին Գյումրիում մի ամբողջ ընտանիք գնդակահարած ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովի հետ, ում ըստ էության այդպես էլ չփոխանցեցին ՀՀ արդարադատությանը: Ռուսական հեռուստաալիքների հերթական ինքնվարկաբեկումը, որոնք 2015թ-ի հունիսին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սոցիալական բողոքի մեջ ամերիկյան հետք «նկատեցին»:

Բարձրաստիճան մոսկովյան չինովնիկների վրդովեցնող հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանին նոր հարձակողական զենք վաճառել, 2016թ-ի ապրիլի քառօրյա պատերազմում դրա ինտենսիվ օգտագործումից անմիջապես հետո:

2016թ-ի հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի դեմ կոշտ ուժային միջոցների անհրաժեշտության բացահայտ հուշումներ, որը գրավել էր Երևանի ՊՊԾ գունդը, հայտարարել ապստամբության մասին և քաղաքական պահանջներ առաջադրել, որոնք, անկախ ապստամբների հանդեպ վերաբերմունքից, կիսում էր հասարակության զգալի հատվածը (և այս դեպքում նույնպես ռուսական լրատվամիջոցների ու քաղաքագետների կարծիքով «Արևմուտքի ձեռքն էր նկատվում»):

ԵՏՄ մտնելու հետևանքով կյանքի բարելավման հետ կապված բնակչության խաբված հույսեր: Այս ամենն ընդամենը մի քանիսն են այն առիթներից, որոնք խաթարեցին ՀՀ քաղաքացիների վստահությունը մի երկրի հանդեպ, որտեղից, ինչպես մի հին ֆիլմում է, պետք է ծագեր «հյուսիսի հույսը», և ազգային քաղաքական օրակարգ «ապագաղութացում» տերմինի ներառումը:

Ի պատասխան՝ օգոստոսի վերջին տարածված անանուն ուղերձ հայկական իշխանություններին (այն ստորագրած «Արդարության թուրը» հավակնում է, որ հայկական սփյուռքն է ներկայացնում, սակայն նախկինում ոչ ոք դրա գոյության կամ գործունեության մասին չի լսել): Դեպի ուր են տանում այդ հրապարակման հետքերը սոցացցերում, հուշում է այն փաստը, որ տեքստի աուդիոտարբերակը կարդացել է խարկովյան «հակամայդանի» նախաձեռոնղներից մեկը՝ Ֆիլիպ Էկոզյանցը:

Այդ դիմում-մատնության մեջ թվարկվում են այն կազմակերպություններն ու անձինք (խորհրդարանի պատգամավորներ, հայտնի կուսակցություններ, ոչ կառավարական կազմակերպություններ, լրատվամիջոցներ), որոնք իբր ԱՄՆ հատուկ ծառայությունների նախաձեռնությամբ «պատրաստվում են դանակով մեզ (հայերին) թիկունքից հարվածել...»: Այն ավարտվում է «առաջին հերթին, իրավապահ մարմիններին» ուղերձով՝ թույլ չտալ, որպեսզի «դավաճանները ներխուժեն երկրի վերին պաշտոններ», և ակնարկով, որ «իշխանության... անգործությունը կվկայի» այդ դավաճաններին սատարելու մասին:

Մատնելու և լրտեսամոլության վարակը համակել է հայկական ավանդական ու նոր լրատվամիջոցների այն հատվածին, որոնք հակված են երկրի բոլոր դժբախտությունների հիմքը եվրոպական կառույցների և ԱՄՆ հետ համագործակցության մեջ տեսնել, իսկ փրկությունը՝ Ռուսաստանի և եվրասիականության:

Դժվար է այդ լրատվական և հասարակական կազմակերպությունների նախկինից ավելի հետևողական ու համառ գործունեությունը չկապել Հայաստանում վերջին տարիներին «Ռոսսոտրուդնիչեստվոյի», «Սպուտնիկ» միջազգային տեղեկատվական գործակալության և այլ ռուսական կառույցների ակտիվացման հետ, որոնք «փափուկ ուժի» քաղաքականության մաս են:

Չնայած, դատելով վերջին դեպքերից, այդ ուժն այնքան էլ փափուկ չէ: Օգոստոսի 30-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ռուս սահմանապահները թույլ չէին տվել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրենին հատել սահմանը: Նրանք հայտարարել են, որ, ըստ օրենքի դրույթի, որը կարգավորում է «արտասահմանի քաղաքացիներին վտարելու կարգն, ովքեր մասնակցում են Ռուսաստանի տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը», նրան արգելվում է Ռուսաստան մտնել մինչև 2030թ-ը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերլուծական կենտրոնը ՌԴ տարածքում չի գործում, իսկ միակ  «գործունեությունը», որն առաջիկա 10 ժամվա ընթացքում մտադիր էր Մոսկվայում «ծավալել» որպես տարանցիկ քաղաք այն ընտրած Գրիգորյանը, հոր գերեզմանն այցելելն էր, անիմաստ է գուշակություններ անել, թե ինչն է նրան պերսոնա նոն-գրատա դարձրել: Հատկապես, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական պատասխանը ՀՀ դիվանագիտական գերատեսչության համապատասխան հարցմանը հոդվածը գրելու պահին դեռ չկար:

Երևանում ՌԴ դեսպանությունը հերքում է «սև ցուցակների» գոյությունը, սակայն, հաշվի առնելով լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածված մատնիչ-էնտուզիաստների հիվանդ ֆանտազիան և ոչ կոմպետենտությունը, հեշտ է պատկերացնել, թե որքան խեղաթյուրված կարող է լինել նրանց գաղտնի տեղեկատվությունը «Արևմուտքի հայ գործակալների» մասին, որն ուղարկվում է Մոսկվա: Այնպես որ այդ մատնությունների ֆիգուրանտներին ՌԴ մուտքն արգելելը կարող է բավականին փափուկ միջոց թվալ:

...Ուսանողական տարիներին այս տողերի հեղինակը ժամանակ առ ժամանակ փորձում էր պատկերացնել, ինչպես իրեն կպահեր այս կամ այն ծանոթը 1937 թ-ին: Ինչո՞վ զբաղվելիս կլիներ՝ թաքուն նամակների հեղինա՞կ կլիներ, թե՞ հետապնդումների պոտենցիալ զոհ: Դրանից ելնելով էլ հաճախ կառուցում էր իր հարաբերությունները շրջապատի հետ: Ցանկալի չէ, որ պահվածքի նման մոդելավորումն այսօր արդիական դառնա Հայաստանի համար:

 

Բորիս Նավասարդյան 

JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին