▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱԿ-ը պատասխանում է Բաքվին. Արցախը կարելի է բնակեցնել սիրիահայերով

Բաքուն հետեւողականություն է ցույց տալիս Արցախում կատարվող բնակեցման աշխատանքների վրա միջազգային ընտանիքի ուշադրությունը կենտրոնացնելու իր առաջադրանքի իրականացման փորձերին: Երեւույթը արձանագրվել էր իրաքահայերի` Արցախում հաստատման օրինակների դիմաց, այժմ շարունակվում է սիրիահայ ընտանիքների բնակեցման առիթով: Ժամանակին Դամասկոսում դեռևս գործում էր ադրբեջանական դեսպանատունը, երբ Դամասկոսը մեղադրվում էր իբրեւ տարանցիկ կետ Իրաքից Երեւան եւ ապա Արցախ ուղեւորվող եւ հաստատվող իրաքահայ ընտանիքների համապատասխան դյուրություններ ընձեռելու պատճառով:

Այժմ բողոքառու գրասենյակը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Բաքվի գրասենյակի ներկայացուցչությունն է: ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի բացատրությունը հայտնապես չի գոհացրել Բաքվին։ «Մենք տեղեկություն ենք ստացել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ փախստականների բնակեցման վերաբերյալ եւ համապատասխան հաշվետվություններն արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի ժնեւյան կենտրոն: Սակայն անձամբ խորհում եմ, որ այս հարցը պետք է լուծվի առանց ՄԱԿ-ի միջամտության, որովհետեւ ՄԱԿ-ը որեւէ առնչություն չունի այս հարցի հետ»:

Ուրեմն. նախ պետք է անմիջապես նկատել, որ այս կարծիքը եթե հրապարակվում է, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես ուղարկվում է նաեւ ՄԱԿ-ի կենտրոն: Իսկ այս կարծիքի հետ հաշվի է նստում կենտրոնը` որովհետեւ կարծիքը ներկայացնողը այս հարցերի գերագույն հանձնակատարն է, որը լիազորված է այս աշխատանքները համակարգելու: Ասվածը պարզապես այն է, որ ՄԱԿ-ի միջամտության որեւէ իրավական հիմք գոյություն չունի. ավելի հստակ ընդգծված, որ Արցախում կատարվող բնակեցման աշխատանքները միջազգային օրենքի խախտում չեն նկատվում:

Հետաքրքիր է, որ սիրիահայ բառը չի օգտագործվում իբրեւ փախստականներ բնութագրող  բառակապակցություն: Ասվում է ընդհանրապես «հայ փախստականներ»: Պարզ է, որ սիրիահայը շեշտված է Բաքվի կողմից եւ մեկնաբանվում է իբրեւ փորձ` հրատապ թեմայի կապելով խնդիրը միջազգային հավելյալ ուշադրություն կենտրոնացնելու  մարտավարական խաղ կատարելով: Պատասխանում ընդհանրացվում է գաղթականությունը եւ այսպիսով նաեւ մեկընդմիշտ հստակացվում, որ հայ ազգաբնակչությամբ Արցախը բնակեցնելը իրավական որեւէ արգելքի չի հանդիպում միջազգային ընտանիքի կողմից:

Այսքանը ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի կողմից: Այժմ գանք Երեւան-Արցախ եւ այնտեղ տեսնենք կանադացի խորհրդարանական Սթեֆան Դիոնի հայտարարությունը դարձյալ Բաքվի ցուցաբերած անհանգստության մասին: Խնդիրը վերաբերում է Բաքվի սեւ ցուցակին, այսինքն բողոքին օտարերկրյա այն պաշտոնատարների եւ պետական ու հասարակական գործիչների դեմ, որոնք այցելում են Արցախ: Դիոնի բացատրականը հետաքրքրական է եւ առնչվում է ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի պատասխանատուի կատարած հայտարարությանը. ինչ որ ձեւով: Դիոն հայտնում է, թե ինքը սեւ ցուցակի գոյությունից տեղյակ չէր, թե իր նպատակը որեւէ ձեւով Կանադայի եւ Ադրբեջանի միջեւ լարվածություն ստեղծելը չէ, եւ ավելացնում է, թե նա եկել էր զբաղվելու սիրիահայ փախստականների թղթածրարով: Այցելության նպատակի այս բանաձեւումը խորքում ՄԱԿ-ի պաշտոնատարի կատարած հայտարարությանը համահունչ է: Արցախում սիրիահայերի բնակեցումը բնական գործընթաց է եւ որեւէ ձեւով բողոքի տեղի տալու իրավական հիմք չի պարունակում իր մեջ: Այսքան պարզ:

Բաքուն խորապես գիտակցում է, որ ժամանակին իրաքահայերի, այսօր սիրիահայերի կողմից արձանագրվող բնակեցումները ժողովրդագրական պատկերի փոփոխության առումով բեկումնային ազդեցություն ունենալու հնարավորությունից հեռու են: Քաղաքական շահարկման հերթական փորձն է, որ կատարում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք սակայն հանդիպում են իրավական հիմքի վրա կառուցված մարդասիրական պատասխանների: 

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին