«Վարչապետ ընտրելու հնարավորությունը ժողովուրդը տվել է ՀՀԿ-ին, և ես հիմա չեմ տեսնում քայլեր, մեխանիզմներ, որոնք կկարողանան խոչընդոտել ՀՀԿ-ի թեկնածուի առաջադրմանը: Մենք գիտենք, թե ընտրությունների ընթացքում քաղաքացին ինչպե՞ս 10.000 դրամով ձայն տվեց ՀՀԿ-ականներին և այսօր ակնկալել, որ ժողովուրդը քաղաքական գործընթացների մեջ կմտնի՝ իրատեսական չէ: Մարդիկ ծախել են իրենց ձայնը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Լյուդմիլա Սարգսյանը չբացառեց, որ Սերժ Սարգսյանը վերջին պահին հնարավոր է հայտարարի վարչապետի թեկնածուի մեկ այլ անուն: «Միգուցե լրիվ այլ մարդ ներկայացվի: Ով պետք է կառավարի, նա էլ պետք է պատասխան տա: Եթե պետք է կառավարի Սերժ Սարգսյանը, իսկ պատասխան տա, օրինակ Կարեն Կարապետյանը, ավելի լավ է՝ հենց ինքը Սերժ Սարգսյանը լինի վարչապետ և ինքն էլ պատասխան տա»,- նշեց բանախոսը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը՝ նկատեց.
«Ընդդիմադիր դաշտում տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունեն: Ազատության հրապարակը կարող է լցվել նոր գաղափարների ու մտքերի պարագայում: Պետք չէ անձի դեմ պայքարել: Երկրին համակարգային փոփոխություն է անհրաժեշտ:
Անի Կարապետյան