ՀՅԴ քաղաքային կոմիտեի մի շարք ներկայացուցիչներ բողոքի ակիցա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի առաջ՝ պահանջելով Հայկ Մարությանի հրաժարականը։
Նրանք պատրաստվում են նամակ հանձնել Երևանի քաղաքապետին՝ ներկայացնելով այն փաստարկները, որոնք, ըստ ցուցարարների, հիմք են, որ Մարությանը հրաժարական տա։
«Մարությանը մոտ տասը ամիս է՝ ընդհատակում է կորոնավիրուսի, արձակուրդների և այլ պատճառներով, ու քաղաքը մատնվել է անտերության։ Պարո՛ն Մարության, Դուք անլուրջ եք վերաբերվել կորոնավիրուսի տարածմանը և ոչ մի լուրջ քայլ չեք ձեռնարկել՝ դանդաղեցնելու համար վարակի տարածումը, խուսափել եք պատասխանատվությունից»,- ընթերցելով Մարությանին ուղղված նամակը՝ ասաց ցուցարարներից մեկը։

Նրանք մատնանշեցին, որ Մարությանը ուշադրություն չի դարձրել գույքահարկի թանկացման մասին օրենքին, որից, ցուցարարների խոսքով, տուժել են Երևանի բնակիչները։
ՀՅԴ քաղաքային կոմիտեի ներկայացուցիչների խոսքով՝ Մարությանը տապալել է նաև Երևանի տրանպորտային համակարգի վերափոխման ծրագիրը։
«Մարտական ջոկատ կազմելու և սահման մեկնելու ՀՀ վարչապետի հանձնարարականներին ժամանակին չեք արձագանքել, ու այնքան եք դանդաղել, որ սահման եք հասել տխրահռչակ եռակողմ հայտարարության նախօրեին միայն։ Երևանի քաղաքապետարանի կազմած մարտական ջոկատների համար գումար եք հավաքագրել քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողներից՝ որպես նվիրատվություն, իբր թե հոգալու համար անհրաժեշտ ծախսերը, սակայն մինչև օրս չկա հաշվետվություն հանրությանը, թե այդ գումարները որտեղ են ծախսվել՝ հատկապես ի նկատի ունենալով, որ Ձեր կազմած ջոկատները չեն մասնակցել ոչ մի մարտական գործողության»,- կարդացին նամակը ՀՅԴ-ականները։
Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը դուրս եկավ շենքից և ընդունեց ցուցարարների նամակը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։


