ԱԺ հատուկ նիստին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հարցի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ առաջին անգամ վեց տարվա մեջ Սերժ Սարգսյանը եկել է ԱԺ. «Մենք ունենք ֆեյք պաշտոնյաներ ու ինստիտուտներ, որը թարգմանաբար նշանակում է կեղծ, որ ոչ մի բանի հետ կապ չունեն։ Այնպիսի քաղաքական համակարգ ունենք, որ ինչ ասում ենք, ասում են` մենք այդ ամենի հետ կապ չունենք ու ձեր նկարն են ցույց տալիս։ Էդ մարդկանց դուք որտեղի՞ց եք գտնում։
Օրինակ` Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենը գալիս խոսում է, չենք հասկանում` ոչ հայերեն է խոսում, ոչ ռուսերեն, ու չենք հասկանում` ինչ են ուզում մեզնից։ Վերջին անգամ Հայլուր հաղորդումը դուք երբեք եք նայել, այդ հաղորդումը ձեզ դո՞ւր է գալիս։ Դուք ոչ մի բան չեք փոխելու։ Դուք շարունակում եք այնպես, ինչպես կա, ու համակարգը նույնն է մնալու, միակ փոփոխությունը Գալուստ Գրիգորիչն է։ Ես վստահ եմ, որ բոլոր նախարարներին նույնությամբ նշանակելու եք։ Մենք դեմ ենք Ձեր պաշտոնավարման 3-րդ ժամկետին։ Կա երկու աշխարհ` ձերը ու մերը, որտեղ գիտենք` ինչ է կատարում։
Ձեր աշխարհում չեն ասում, թե ինչ է կատարվում իրականում. եթե փոփոխություններ չեն կատարվում, ուրեմն կամ ձեզ չեն ասում, կամ դուք չեք անում փոփոխություն։ Այս պահից սկսած սկսում է այլ Սերժ Սարգսյանի կենսագրություն։ Մեր վարչապետերից ամենաթարմ ու գեղեցիկ վարչապետի վրա մնաց ձեր թեկնածության առաջադրումը։ Հազարավոր մարդիկ փողոցներում են հիմա, իսկ ժամեր անց դուք ՀՀ վարչապետ եք դառնում, Հրայր Թովմասյանի ականջն էլ կանչի` իր համար հանգիստ նստելու է։
Երբ ստանձեք վարչապետի պաշտոնը, ՀՀ ոստիկանապետը ենթարկվելու է ձեզ, ու եթե մեկի քթից արյուն եկավ, ձեզ են մեղադրելու։ Ամեն ինչ պետք է անեք, որ ուժ չկիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ասում եք` քաղաքական հայացքների համար դատապարտվածներ չկան, բա Անդրեաս Ղուկասյանը կամ տոնածառ դրած տղեն ինչո՞ւ են բանտում։ Բա, ասում եք գնում եք Եվրոպա։ Բարի գալուստ լուսավոր Հայաստան»: