Գրականությունը երազանք է, ափսոսանք, նաև ճիչ: Որտե՞ղ ես դու ծնվել, ո՞ւմ զավակն ես, ինչպե՞ս ես մեծացել, ի՞նչ ես ունեցել. ի՞նչ ես կորցրել, ինչի՞ն ես հավատացել…
Տարիներդ հանդարտ-անընդհատ քո դեմքն են քանդակում, քո սիրտը, քո ձեռքը, և դու գրում ես պատմության միլիարդերորդ երազանքը, որ քեզանից առաջ ոչ ոք չի գրել ու քեզանից հետո հաջորդ միլիարդներից և ոչ մեկում չի կրկնվի: Կարոտի հին վեպն ամեն անգամ նորից է սկսվում, և ամեն նոր սկիզբ այլ պատմություն է` ո´չ նախորդի վերածնունդը, ո´չ էլ հաջորդի ավետաբերը: Դու նո´ր ըմբոստ ես, քեզ աշխարհն առանձի´ն է խոցել, քո ճիչն ուրիշ է:
Ընթերցողն էլ է առանձին փնտրում. նա էլ գրող է գրողի ներսում: Դարեր ու դարեր մենք իրար մեջ իրար ենք փնտրում: Սա է գրականությունը: