Ընտրությունները կազմակերպված էին դրական, բայց չենք ասում, որ իդեալական էին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Թերություններ եղել են, իհարկե եղել են, մենք պետք է շտկենք այդ թերությունները, իհարկե պետք է շտկենք, ՀՀԿ-ն պատրաստ է գնալու անշեղորեն ժողովրդավարության զարգացման ճանապարհով», - ասաց նա:
Նրա խոսքով` ՀՀԿ-ն կարողացավ ճիշտ քարոզչության արդյունքում բաց, հրապարակային, ինքնաքննադատական գործունեության ընթացքում անկեղծ լինել ու համախմբված:
«Մենք ունենք ամենամրցունակ թիմը, մենք ունենք գաղափարախոսություն, մենք չվախեցանք ընտրությունների ընթացքում խոսել մեր բացթողումներից, մենք անելու ենք ամեն հնարավորը, որ կարողանանք հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել հաջողության», -ասաց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության հաղթանակը հանրության հաղթանակն է:
«Մեր թիվ մեկ խնդիրը եղել է այն, որ ընտրությունների արդյունքների նկատմամբ ՀՀ քաղաքացու վստահությունը լինի հսկայական», - ասաց նա:
Էդուարդ Շարմազանովի խոսքով` ՀՀԿ-ն ամենամեծ շանսերը ունի՝ ձևավորելու ապագա կառավարություն:
«Մենք տեսանք, որ ընտրողը մեզ այդ շանսը տվեց ու մենք իրավունք չունենք հուսախաբ անելու ՀՀ քաղաքացիներին», - նշեց նա: