▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պետք է Ադրբեջանին պատժենք սրա համար, ես չեմ հավատում միջնորդներին.Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան  Հայկ Դեմոյանի կարծիքով՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունները, որոնք ավարտվեցին հայ զինվորի հերոսությամբ ու հակառակորդի ռազմական պարտությամբ,  Ալիևի վարչակարգի արկածախնդրությունն էին, որոնք ունեին թե՛ ներքին, թե՛ արտաքին պատճառներ.

«Նախ և առաջ պետք է դիտարկենք ռազմաքաղաքական և տեղեկատվական բաղադրիչը: Միամիտ չպետք է լինենք՝ կարծելու, որ Ադրբեջանը չէր պատրաստվում նման սցենարով արկածախնդրություն կամ ռազմական լայնածավալ գործողություն: Նրան պարզապես կայծ էր անհրաժեշտ, որը տեղի ունեցավ ապրիլի 1-2-ին: Գիտեք, որ արտաքին ճակատում Ադրբեջանն այնքան էլ լավ վիճակում չէ: Խոսքը սանկցիաների մասին է: Իսկ ներքին ճակատում նույնպես խնդիրները լուրջ են.կա սոցիալական լարվածություն: Վերջացավ նաև այսպես կոչված «նավթային մեղրամիս»-ը: Ադրբեջանում սկսվում է նոր փուլ: Ապրիլյան այս զանգը վկայում է Ադրբեջանի դանդաղ, սահուն անկման մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Արցախը պետք է համատեղ հայտարարությամբ հանդես գան, որտեղ հստակ պետք է արձանագրվի, թե որոնք են մեր անելիքները.

«Ադրբեջանական կողմը պետք է պատժվի սրա համար: Մեկ քայլին պետք է 5 անգամ կամ ավելի շատ հակազդեցություն: Թշնամուն այսպես են զսպում: Ռազմական գործողությունների և շփման գծում սրված իրադրության տրամաբանությունը պարտադրում է, որպեսզի հայկական կողմը պատժի հակառակորդին, որը մեր դեմ կիրառեց անթույլատրելի զինատեսակներ՝ այդ թվում խաղաղ բնակչության դեմ:  Նա ռազմական հանցագործություն է իրականացրել, խեղել ու բազում քստմնելի գործողություններ է իրականացրել զինվորների նկատմամբ, իսկ սա անպատիժ չպետք է մնա: Ես չեմ հավատում միջնորդների արդյունավետությանը, չեմ հավատում որևէ սկզբունքների: Պատճառը ապրիլյան այս դեպքերն էին: Մեր ձեռքում կա հաղթաթուղթ՝ տրված հայ զինվորի կողմից»:

Մեր այն հարցին, թե Թալիշում ծերերին անմարդկային կերպով սպանելը, զինվորներին գլխատելն ու մի շարք դաժան գործողությունները,  արդյո՞ք ԻՊ-ի ձեռքի գործն է, ինչպես պնդում են շատերը, թե՞ թուրքն իր բնույթը դարերով չի փոխում, Հայկ Դեմոյանը պատասխանեց.

«Քարոզչական էլեմենտ կա ԻՊ-ի հետ համեմատելու մեջ: Եթե սպան չունի զինվորականին բնորոշ էթիկա, եթե նա վայրենի է, եթե նա Սաֆարով է, ում տարբեր գործիքներով մարդ սպանելը Թուրքիայում էին սովորեցրել, բնական է իր մեջ կա ահաբեկչական էլեմենտ: Բայց այն, որ  բնակիչների մոտ տանում, հայ զինվորի գլուխը ցույց են տալիս ու թամաշա անում, այ սա պետք է եվրոպացուն, ամերիկացուն ցույց տալ: Դա ոչ միայն զինվորական հանցագործություն է, այլ խաղաղ բնակչությունն ընդունում է այդ վայրագությունը: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հայկական որևէ բնակավայրում մի քանի ադրբեջանցու  գլուխ բերեն ցցի վրա ու պտտեցնեն: Առնվազ նողկանք կառաջացնի: Այստեղ, իհարկե, քաղաքակրթական տարբերության մասին ենք խոսում: Մի բան էլ՝ կա: Ադրբեջանական ղեկավարությունը իր հայտարարություններով բազմիցս հայտարարել է ցեղասպանություն իրականացնելու իր մտադրության մասին, իսկ նրանց ընդառաջող երկրները պետք է գիտակցեն, որ կամա, թե ակամա կարող են ներքաշվել նման գործողության մեջ»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին