▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք տեսանք ձեր դահճի դեմքը և զգացինք ձեր տառապանքը.Ալևիները՝ հայերին

Հայաստանում է գտնվում ալևիների Եվրոպայի կոնֆեդերացիայի պատվիրակությունը՝ Ֆրանսիայում ալևիների միության ֆեդերացիայի նախագահ Էլդար Քըլչքայայի գլխավորությամբ:

«Հայաստան ենք եկել 15 հոգանոց խմբով: Բացի պաշտոնական հանդիպումներից՝  4 համալսարան այցելեցինք, որտեղ  ֆրանսերենին տիրապետող ուսանողների կային: Տեսանք, որ հայերն ու ալևիները միմյանց մասին շատ քիչ բան գիտեն: Դարեր շարունակ Անատոլիայի հնագույն ժողովուրդներն ապրել են  միևնույն ճակատագրով: Նրանց սնել է նույն հողը, ջրել նույն ջուրը, նրանք շնչել են միևնույն օդը, իսկ նրանց գլխավերևում շողացել է նույն արևը:

Այնուամենայնիվ, ալևիների, հայերի, քրդերի, հույների, ասորաքաղդեղացիների միջև եղած այս ներդաշնակությունը չարիք համարվեց նրանց կողմից, ովքեր, զզվանք զգալով այս հողերի մշակութային, լեզվական և կրոնական հարստության հանդեպ, մշտապես փորձել են ոչնչացնել բազմազանության այս դրսևորումները ամենադաժան մեթոդներով իրականացվող ձուլման քաղաքականության միջոցով: Նրանք խեղդեցին երկիրը արցունքներով և արյամբ:

Զինվորներն ու զինված խմբերը արտաքսում և սպանում էին հայերին: Հիվանդությունները, սովը և ծարավը բացում էին հալածող վերքերը և դատապարտում տառապանքի: Այն հարևանները, որոնք մեր կողքին էին հարսանիքի, թաղումների, հիվանդության և առողջ ժամանակ, մենք օգնում էինք: Մենք նրանց դահիճներին չէինք հանձնում: Ցավոք, մեզ չհաջողվեց փրկել  բոլորին: Մենք չկարողացանք կանխել Հայոց ցեղասպանությունը: Մենք՝ ալևիներս, կիսում ենք հայ եղբայրների տառապանքը և այս այցով նույնպես ցանկանում ենք դա ցույց տալ: Մենք չկարողացանք կանխել նաև Հրանտ Դինքի սպանությունը: Մենք տեսանք ձեր դահճի դեմքը և զգացինք ձեր տառապանքը Դերսիմում, Մարաշում, Չորում, Սիվասում, Ղազիում ու Ղեզիում: Անցյալին դեմքով նայելը և սեփական պատմության մռայլ  էջերը ճանաչելը չի նշանակում խայտառակել սեփական երկիրը: Եկել է ժամանակը, որ թուրքական կառավարությունը անի այս քայլը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Էլդար Քըլչքայան:

«Վերածնունդ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանն էլ նկատեց՝ հիմնականում ալևիների ջանքերի շորհիվ են շատ հայեր փրկվել:

«Կարելի է ասել՝ հենց սա էր պատճառը, որ 1937-38թթ. նրանց կոտորեցին, որովհետև ամենը բացահայտվեց»,-նշեց  Արագած Ախոյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին