Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ռուսական գովազդի ազդեցությամբ պայմանավորված` ի սկզբանե «Սմերչ» հրթիռահրետանային համալիրի մասին մեզանում թյուր պատկերացումներ ձևավորվեցին: Զինատեսակը ներկայացվեց որպես ամենասարսափելի զենքը` ատոմային ռումբից հետո: Որոշ մեկնաբանություններում այն համարեցին անգամ զանգվածային ոչնչացման զենք: Իհարկե եղան նաև հակառակ պնդումներ: Ամենևին չթերագնահատելով «Սմերչ» համալիրի առավելություններն ու հզորությունը, չի կարելի աչք փակել նաև թերությունների վրա, որոնք ևս քիչ չեն: Թեմայի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ռազմական փորձագետ Սուրեն Սարումյանի հետ:
- «Սմերչ» հրթիռահրետանային համալիրը մեծ հզորություն ունեցող համազարկային կրակի միջոց է, բայց ինչպես հաճախ է լինում` իր թերությունները բխում են առավելություններից: Այն նախատեսված է մեծ մակերեսով թիրախներ խոցելու համար: Ղարաբաղյան աշխարհագրական պայմանները հաշվի առնելով` ռազմական նշանակության մեծ թիրախներ խոցելու հնարավորություն պարզապես գոյություն չունի: Կարող է կիրառվել, և վստահ եմ, որ ադրբեջանցիների նպատակն էլ հենց դա է` բացառապես խաղաղ բնակչության վրա: Ինչպես նախորդ պատերազմի փորձն է ցույց տալիս, ադրբեջանական հրետանու հիմնական թիրախը խաղաղ բնակավայրերն են: Իսկ ռազմական նշանակության այդ չափերի թիրախ խոցելու հնարավորություն, մեր աշխարհագրական պայմանները հաշվի առնելով, ուղղակի չի կարող գոյություն ունենալ: Համոզված եմ` բանակի դեմ դա կլինի ոչ ամենից արդյունավետ միջոցը:
Բացի դրանից` «Սմերչ» -ը պահանջում է երկար ժամանակ վերալիցքավորում, որի ընթացքում մեքենան պետք է կանգնած լինի, իսկ ընթացքում մեծ է խոցվելու հավանականությունը: Հաշվի առնելով մարտական մեքենայի մեծ չափերը ՝ նրա քողարկումը կամ ծածուկ տեղաշարժն ապահովելը կարելի է համարել ոչ այնքան հեշտ գործ: Ունի համեմատաբար ցածր ճշգրտություն, քանի որ նախատեսված է մեծ մակերես ունեցող թիրախներ խոցելու համար: Իսկ մեր պայմաններում մարտական գործողությունների բնույթի վրա չի կարող ունենալ վճռորոշ ազդեցություն»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Սարումյանը:
Փորձագետը վստահ է, որ ուժերի հավասարակշռությունը միանշանակ պահպանվում է:
Նրա խոսքով`
«Ինչպես բազմիցս ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, այն օրը, երբ ադրբեջանցիները վստահ կլինեն, որ կարող են հաղթել, պատերազմը կսկվի: Իրենք շատ լավ գիտակցում են, որ դա կլինի հերթական արկածախնդրություն, որը մեծ կորուստներ կբերի:
Հարցին, թե արդյո՞ք մեր ԶՈւ ունի համարժեք զինտեխնիկա` «Սմերչից» բխող վտանգին դիմակայելու համար, Սուրեն Սարումյանը պատասխանեց.
«ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն, անդրադառնալով այս հարցին ասել էր, թե նախընտրում է կողմերի ունեցած հնարավորությունների մասին խոսել ոչ թե շքերթներում ցուցադրվող զինատեսակներ մասին անընդհատ շրջանառվող տեղեկությունների ազդեցության ներքո, այլ կոնկրետ փաստերի համադրմամբ: Միայն մարտադաշտը ցույց կտա, թե ով ինչ ունի և ինչի է պատրաստ: Անհնար է ավելի հստակ ձևակերպել:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան