▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր համաքաղաքացիներն ըմբռնումով պիտի վերաբերվեին ժամանակավոր դժվարություններին. Աշոտ Ահարոնյան

Այսօր տեղի ունեցավ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զինվորական շքերթի փորձը: Ոստիկանությունը նախապես տեղեկացրել էր որոշ փողոցներ փակելու անհրաժեշտության մասին՝ նշելով շրջանցիկ ճանապարհները: Թվում էր՝ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով պիտի վերաբերվեին ժամանակավոր դժվարություններին: Սակայն փորձը դեռ չավարտված՝ համացանցում գրառումներ հայտնվեցին, որոնց հեղինակները դժգոհում են շքերթից, ճանապարհային ոստիկանությունից և նույնիսկ… Անկախությունից: Գլխավոր թիրախն, իհարկե, ոստիկանությունն է, հարցադրումը՝ այս ի՜նչ է կատարվում քաղաքում, ո՞ւր են նայում ճանապարհային ոստիկանները, ինչո՞ւ չեն կարգավորում երթևեկությունը… Պատասխանեմ՝ ճանապարհային ոստիկանությունը ոչ միայն կարգավորում է երթևեկությունը, այլև նախապես մշակած ծրագրով ուղղորդում է տրանսպորտային միջոցների հոսքը՝ առավելագույնս ձգտելով քաղաքի կենտրոնը զերծ պահել մեքենաների կուտակումներից , ավելին՝ ուղեկցում է զինվորական շարասյուների ու զինտեխնիկայի տեղաշարժը, համապատասխան տարածքներում կարգավորում է հետիոտնի երթևեկը, հանրությանը պարզաբանում է երթևեկության հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները: Նկատի է առնվել նույնիսկ, որ կարող է օժանդակության կարիք լինել, և մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններին օգնելու են եկել մարզերի նրանց շուրջ 150 գործընկերները: Ակնկալվում էր նաև մեր համաքաղաքացիների ըմբռնումն ու օժանդակությունը: Եվ ակնկալիքը հիմնականում կատարվեց, բացառությամբ ֆեյսբուքյան դժգոհների վերոհիշյալ խմբի, որոնք տրտնջալու առիթ են փնտրում և, ահա, ստացել երթևեկության ժամանակավոր դժվարությունների <շնորհիվ> ոստիկանությանը թիրախավորելու հնարավորություն… Թվում էր՝ այլ վերաբերմունք պիտի լիներ, թվում էր՝ կարելի է՝ երկու ժամ համբերել, հոբելյարի տրամադրությամբ տեսնել իրողությունները, բայց… Ցավալի է: 25 տարին պետք է որ բավարար ժամանակ լիներ կարևորն անկարևորից տարբերելու, երկրի տոնին ու նաև հոգսին տեր լինելու, գոնե Անկախությունն ու Պետականությունը խցանումներին չհավասարեցնելու համար… Նշեմ, սակայն, որ սպառողական և այսպահային մտածողություն ունեցողները հանրության չնչին մասն են կազմում և չեն կարող սին տրտունջներով մթագնել մեր իսկական քաղաքացիների ու մեր երկրի տոնը:

Աշոտ Ահարոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին