Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ` Անկախության տոնի նախօրեին, ձերբակալվել է «Ազատամարտիկների խորհրդի» համակարգող, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության`ազատամարտիկը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/:
Երեկ հայտնի դարձավ, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ազատամարտիկների խորհուրդը, բաց նամակով դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամրազյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին պահանջեց ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին:
Տարբեր մեկնաբանություններ ու կարծիքներ հնչեցին նախորդ օրերի ընթացքում. ընդհուպ մինչև այն, որ նման որոշումը միտված էր պայքարը ճնշելուն:
Տեղի ունեցածի հավանական պատճառների և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկիների հետ.
Արդեն շուրջ 4 ամիս նստացույց անող ազատամարտիկների համար, ամենացավալին, թերևս, այն է, որ իշխանությունների անտարբերությունից զատ` պայքարի ու առհասարակ իրենց նկատմամբ անտարբեր է նաև հասարակությունը:
Ազատամարտիկ, երրորդ կարգի հաշմանդամ Մհեր Մազմանյանի կարծիքով`
«Մեր պայքարը ի սկզբանե սոցիալական անարդարության դեմ է: Եվ եթե պայքարեր անգամ մեկ ազատամարտիկ, ամբողջ հանրությունը պետք է կանգնած լիներ նրա կողքին: Իսկ այսօր հանրության կողմից միայն անտարբերության ենք արժանանում»:
Մեր զրուցակցի խոսքով`
«Շուրջ 4 ամիս շարունակվող նստացույցով ազատամարտիկները, փաստորեն, որդեգրեցին նոր Հայաստան կերտելու գաղափարը և ահա այդ գաղափարն իրականացնելու պայքարի ճանապարհին ունենք Վոլոդյա Ավետիսյանին կալանավորելու փաստը: Մենք բազմիցս շեշտել ենք, որ իշխանությունները մեզ պատերազմ են հայտարարել, իսկ հիմա փաստացի պատերազմ հայտարարելով հանդերձ` նաև տեռորի են ենթարկում: Փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, սահմանափակել քո պայքարի իրավունքը:
Սա ևս մի ահազանգ պետք է լինի, որ ազատամարտիկները և ընդհարապես բոլորը համախմբվեն` իշխանությանը արժանին ցույց տալու համար»:
Մեր հարցին, թե ո՞րն է հասարակության անտարբերության պատճառը, ազտամարտիկը պատասխանեց.
«Եվ վախը, և հացի խնդիրը: Կան մարդիկ, ովքեր միգուցե ուզում են սատարել ազտամարտկներին, սակայն հաջորդ օրն իսկ կազատվեն աշխատանքից»:
Մհեր Մազմանյանի խոսքով`
«Մեր նստացույցը երեկ չէ, որ մեկնարկել է: Մենք ոչ միայն Վոլոդյայի, այլ ողջ հայ ժողովրդի պաշտպանության նստացույցն ենք անում` լինի ոսանող, բժիշկ, գիտնական…Մենք բոլորին կոչ ենք անում համախմվել և պայքարել: Քանի որ այսօր պատերազմ է հայտարարաված մեր դեմ: Մեր երկրում ամեն ինչ հակառակն է: Փոխանակ ժողովուրդը տեր լինի, իսկ իշխանությունը ծառայի ժողովրդին, մեզանում հակառակն է»:
Ազատամարտիկ Տիգրան Պետրոսյանի խոսքով`
«Թե Պաշտպանության նախարարը, թե վարչապետը հրահանգել են պետական կառույցներին, որպեսզի ազտամարտիկների դիմելու դեպքում որևէ խնդիր չառաջացնեն»:
Ի պատասխան այն հարցին, թե այսօր արդյունքը տեսանելի՞ է, ազատամարտիկը, մատնացույց անելով մարտական ընկերոջը, ասաց.
«Արդյունքն այն է, որ մի ամսից ավել չի կարողանում քաղաքապետարան մտնել»:
Իսկ ազատամարտիկը, նախապես խոստանալով հետագայում պատմել մեզ, թե ինչի մասին է խոսքը` հավելեց.
«Ամեն ինչ իրենք են փչացնում: Տպավորությունն այնպիսին է, որ հատուկ մտածում են ինչ դժվարություններ ստեղծեն ժողովրդի համար»:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան