▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի լսեք նրանց, մնացեք ձեր տանը, դիմավորեք և հյուրասիրեք ձեր հյուրերին․․․Արթուր Ղազինյան

Այսօրվանից դադարեցնում եմ քաղաքական բնույթի գրառումները և ուզում եմ ձեզ փոխանցել մի քանի կարևոր միտք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Միշտ հիշեք, որ Ամանորը ընտանեկան տոն է, և այն պետք է դիմավորել հայրական օջախում՝ ընտանեկան ջերմության ու անկեղծության միջավայրում։

Վերջին ժամանակներս ինչ-որ մարդիկ են հայտնվել մեր կյանքում, որ իրենց բնույթին ու տեսակին բնորոշ մեզ փորձում են կտրել մեր օջախներից, ընտանիքներից, տանել փողոց՝ ինչ որ անհասկանալի համերգ նայելու, «փողոցային բրդուջ» ուտելու և «համաշխարհային հեղափոխության առաջնորդին» երկրպագելու։

Չի ստացվելու, անիմաստ զբաղմունք է, քանի որ չկա այնպիսի մարդ և ուժ, որ ի զորու լինի Հայ մարդուն կտրել իր ընտանիքից, ստիպել նրան հրաժարվել իր ընտանեկան ավանդույթներից, արժեքներից, իդեալներից։

Մի լսեք նրանց, մնացեք ձեր տանը՝ ընտանիքում, դիմավորեք և հյուրասիրեք ձեր հյուրերին, վայելեք տոնական երեկոն ջերմության մեջ։

Հաշտվեք ձեր այն բարեկամների ու ընկերների հետ, ում հետ վիճել եք, խռովել և նեղացրել։ Սա հատկապես անթույլատրելի է, եթե վեճի պատճառը քաղաքականությունն է։

Հավատացեք ինձ, չկա այնպիսի քաղաքական գործիչ, ում պատճառով կարելի է նեղացնել հարազատին, բարեկամին կամ ընկերոջը։

Ապրեք ձեր կյանքով, զբաղվեք ձեր սիրած գործով, ստեղծեք ու շենացրեք ձեր օջախը ձեր աշխատանքով, իսկ այն էներգիան ու ժամանակը, որ վատնում եք քաղաքականության վրա, օգտագործեք ձեր աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու և եկամուտներն ավելացնելու համար։

Մի խոսքով, վայելեք ձեր կյանքը, սիրեք և եղեք սիրված, ժպտացեք մարդկանց և կյանքը կժպտա ձեզ, հանեք ձեր միջից թշնամությունն ու սպանեք ատելության որդը, որ խնամքով դրված է ձեր մեջ և դանդաղ ուտում է ձեր միտքն ու հոգին։

Եվ ուրեմն, ոչ մեկին չենք լսում, անում ենք նենց, ոնց մեզ սովորեցրել են մեր ծնողները, մնում ենք տանը, ընտանիքում և վայելում ենք այն գաստրոնոմիական գլուխգործոցները, որ խոհանոցում պատրաստել է ձեր ընտանիքի մայրը։

Չկա ավելի վեհ ու նվիրական արժեք, քան ընտանիքն է, մեր հայկական ավանդական ընտանիքը։

Ամեն ինչ շատ լավա լինելու, չկասկածեք»,-նշել է նա։

Ի դեպ, նույն թեմայով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամանորին մեզ բոլորիս սպասվում է հեղափոխական թեզերով լի ճառ-կենաց, բայց ոչ ուղերձ, որը կհեռարձակվի Հրապարակից։ Այս «կենացի» համար, ըստ շրջանառվող լուրերի, մարզերում ցուցակագրում են այդ խնջույքի մասնակիցներին, իսկ պետական ապարատի աշխատակիցներին հորդորում են ընտանյոք հանդերձ մասնակցել։ Իսկ իրականում, գահավիժող ռեյտինգի ֆոնին, իշխանությունը փորձ է անում անցկացնել մարդաշատ հանրահավաք։ Լավ գաղափար է. բոլորը ժպտալու են, ուրախանալու են և նույիսկ, հնարավոր է՝ մի պահ մոռանան բոլոր խնդիրների մասին։ Ինչ խոսք, ձեզ գովազդել գիտեք։ Այս հանրահավաքը նաև մեսիջ է արտաքին աշխարհին՝ «Տեսեք՝ ինչքան մարդ կարամ հավաքեմ»։
     Բայց այս ամենի մեջ մի բան է կարևոր՝ իրենք հասկացել են, որ այլևս մարդ չեն կարող հավաքել և անձնական շահերի համար արդեն օգտագործում են տարվա գլխավոր իրադարձությունը՝ Նոր տարին։ Լավ այս տարին կփակեք, բա մինչև մյուս տարվա տոներն ի՞նչ եք անելու»։

Իսկ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկություններ եմ ստանում, որ դեկտեմբերի 31-ի գիշերը ցուցակագրված ավտոբուսներով Հրապարակ են բերվելու ոչ միայն մարզերի բնակիչները, այլ պարտադիր ներկա են լինելու բոլոր պետական պաշտոնյաներն իրենց ընտանիքներով, իրավապահ համակարգի աշխատակիցներն իրենց ընտանիքներով:
     Իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով հրապարակը մարդկանցով լցնել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին