«Որքան էլ որ ճամարտակենք մեր հաղթանակների մասին` պետք է գիտակցենք, որ ժողովրդին չենք տվել կարևորագույնը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Դեպի բացարձակ ժողովրդավարության ճանապարհին» գրքի մասին` ասաց ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` նշելով, որ այն սեպտեմբերի 14-ին արդեն իսկ ներկայացվել է Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ, որին ներկա են եղել հայ, վրացի և ադրբեջանցի լրագրողներ, հասարակական գործիչներ:
Բանախոսի հավաստմաբ քննարկվել են տնտեսական համագործակցության, սահմանագծերի հետ կապված հարցեր:
«Սահմանը գծում էին Մոսկվայում նստած ստրկատերերը»,-խոսելով հայ-վրացական սահմանի մասին` ասաց Պ.Հայրիկյանը` հավելելով, որ հայ-վրացական սահմանը հստակ նախանշված չէ:
Ինչ վերաբերում է գրքին և, այն, թե ինչպես ընդունվեց լսարանի կողմից` Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ միջոցառմանը մասնակցել է մոտ 150 մարդ: Եվ, քանի որ գիրքը մեծ խանդավառությամբ է ընդունվել, հատկապես երիտասարդ ադրբեջանցիների կողմից, ծագել է գաղափար. ստեղծել միջազգային շարժում` հանուն բացարձակ ժողովրդավարության: