Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ ներկայացնելով նաև կայացրած որոշման քաղվածքը: Նա մասնավորապես գրել է.
«Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10 օրյա ժամկետում։
Որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին։ Վերջիններիս հաջողվել է քաղվածք կատարել որոշումից (քաղվածքը կցում եմ)։
Փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։
Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։
Բոլոր իրավաբան և լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը»։
Հիշեցնենք, որ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինինին, ով Իսրայելի քաղաքացի է և երկար տարիներ է, ինչ վարում է ճամփորդական բլոգ, ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Արցախ այցելելու համար:
Հայտնի է, որ Ադրբեջանն այսպես կոչված «սև ցուցակ» ունի, որտեղ ներառված են բոլոր նրանք, ովքեր այցելել են Արցախ, այդ թվում՝ դիվանագետներ, պետությունների ղեկավարներ, հայտնի արտիստներ և այլն: Լապշինը նրանցից մեկն էր: