Մոսկվայի Տվերսկայա փողոցում գտնվող հագուստի խանութներից մեկի վաճառող 22-ամյա Մաքսիմ Միրզոյանց սպանվել է օրը ցերեկով` անցորդների աչքի առջև:
Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը տղայի վրա հարձակվել է նրա` հոգեկան հիվանդությամբ տառապող ընկերը, ով դեռևս 2-3 ամիս առաջ խանութի աշխատակիցների աչքի առջև դանակով սպառնացել էր Մաքսիմին:
Միրզոյանցը բազմիցս բողոքել է, որ իրեն սպառնում է սպանել իր վաղեմի ծանոթը` իր հասակակից հոգեկան հիվանդ մեկը: Այդ միջադեպից հետո հոգեկան հիվանդին հոգեբուժարան են տեղափոխել, և նա այնտեղից վերջերս էր դուրս եկել: Երկուշաբթի` տեղական ժամանակով ժամը 12:00-ի սահմաններում, Մաքսիմի ծանոթը մտել էր խանութ և սկսել սպառնալ նրան: Վերջինս դուրս էր եկել փողոց, որտեղ երիտասարդների միջև ծեծկռտուք էր սկսվել: Մաքսիմը վիրավորվել էր պարանոցից: Փորձելով փրկվել՝ նա ներս է վազել խանութի հարևանությամբ գտնվող գեղեցկության սրահ, սակայն ներս մտնելուն պես` մահացած վայր է ընկել: