▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Գյումրիից հետո այցելել է Սպիտակ և Վանաձոր

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում շրջայց է կատարել Գյումրիի պատմական հատվածում, մասնավորապես՝ Ջիվանու, Ռուսթավելիի, Նիկոլայ Ղորղանյան և Վարպետաց փողոցներով: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարության անցկացրած ցուցադրական վարժանքին, որի պայմանական սցենարով փրկարարները երկրաշարժի փլատակների տակից դուրս են բերել բնակիչներին և հասցրել առաջին բժշկական օգնության վայր:

 

 

 

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը Գյումրիում ծաղիկներ է դրել Շառլ Ազնավուրի արձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նշել ենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրիի «Սաստեքս» կարի արտադրամաս. այստեղ նրա  մասնակցությամբ տեղի է ունեցել  նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: Ներդրումային ծրագիրն իրականացնողները տեղեկացրել են, որ պատրաստվում են կարի արտադրություն հիմնել նաև Սպիտակում, իսկ ևս մեկ արտադրամաս գործում է Արթիկում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ներկա է գտնվել 2 գործարանի մեկնարկի արարողության և ուրախ է, որ դրանք հիմնվել են սփյուռքահայերի ներդրմամբ:

 

 

 

 

 

 «Այս գործընթացը 100 տոկոսով համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին: Մարդիկ անում են իրենց քայլը և պահանջատեր են կառավարությունից, որ առավել նպաստավոր պայմաններ ստեղծվեն ներդրումների համար: Համոզված եմ, որ նմանատիպ ներդրումային ծրագրերը նպաստելու են մեր երկրի տնտեսական զարգացմանը և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհին անչափ կարևոր քայլեր են», -ասել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել բոլոր այն ներդրողներին, ովքեր Հայաստանի անկախության 27 տարիների ընթացքում քարը քարի վրա են դրել և ստեղծել նոր աշխատատեղեր:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը Գյումրիից ուղևորվել է Լոռու մարզ: Սպիտակում Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ և կատարել մոմավառություն Սրբ. Հարություն եկեղեցում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը ծաղկեպսակ է դրել նաև Վանաձորի երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարին և ներկա գտնվել քաղաքի թիվ 11 մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում, որի համար ծախսվել է 150 մլն դրամ: Մանկապարտեզը համալրվել է ժամանակակից նոր գույքով և ենթակառուցվածքներով, բարեկարգվել է բակը: Մանկապարտեզ է հաճախում 100 երեխա: Նիկոլ Փաշինյանը շրջել է հիմնանորոգված մանկապարտեզով և ծանթացել կատարված աշխատանքներին:

Կարդացեք նաև՝ Ձեր ցավերն իմ սրտում են, ձեր կարիքները իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են. Նիկոլ Փաշինյանի ելույթը Գյումրիում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին