▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի կարեւոր հայտարարությունը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Գյումրիում երեկ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ իր վարչապետ դառնալը նշանակելու է, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն է դառնում վարչապետ, այլապես իր վարչապետությունն իմաստ չունի:

Փաշինյանի հայտարարությունը շատ կարեւոր է՝ ընդհուպ խորքային առումով կարեւոր: Սա հիմնարար խնդիր է՝ պահել քաղաքացիների վերահսկողության տակ ոչ միայն, այսպես ասած, հին կամ հեռացող իշխանությանը, մինչեւ այն լիովին հեռանա, այլ նաեւ նոր իշխանությանը՝ ժամանակավոր, թե այսպես ասած՝ մշտական:

Ավելին՝ այս խնդիրը գուցե ավելի կարեւոր է, հաշվի առնելով այն, որ նոր իշխանությունն օբյեկտիվորեն ունենալու է, այսպես ասած, զգայական տրամադրություններով թելադրված կամա, թե ակամա քարտ-բլանշի շքեղությունը: Եվ եթե դա շատ արագ չբալանսավորվի վերահսկողական մեխանիզմներով, պատասխանատվության մեխանիզմով եւ ընդհանրապես պատասխանատվության մթնոլորտով, հանրային հարցադրումներով եւ պահանջներով, ապա նոր իշխանությունը կարող է շատ արագ վերածվել հնի կամ հասնել մի վիճակի, երբ հանրությունը, ժողովրդական խոսքով ասած, երանի կտա հնին:

Ահա այս տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իր վարչապետությունն իմաստ կունենա, եթե այն լինի փաստացի յուրաքանչյուր քաղաքացու վարչապետություն, վկայում է կարեւոր այդ խնդրի գիտակցման մասին: Իհարկե, հարց է՝ դա այդ գիտակցումով պայմանավորված տակտիկակա՞ն քայլ է, որ արվում է քարոզչական նկատառումով, թե՞ իսկապես համոզում, խորքային համոզում: Բայց, մյուս կողմից, անկախ այս ամենից՝ խնդիրը կախված է նաեւ հասարակությունից: Եվ եթե հասարակությունը կարողանա պատասխանատու լինել իր վերահսկողական ֆունկցիայի համար նաեւ իր այսօրվա սիրելի առաջնորդի վաղվա պաշտոնեական գործառույթների հանդեպ, ապա համոզում է դա Նիկոլի համար, թե տակտիկա, այլեւս չի ունենա նշանակություն՝ նա կլինի հանրության դիրքորոշման ենթակայության տակ:

Միեւնույն ժամանակ, հանրության այդ պատրաստակամությունն ու կարողությունը նաեւ օգնություն է Նիկոլին՝ ներկայիս բարդ փուլում, մայիսի 1-ին մնացած մի քանի օրերի  ընթացքում, որովհետեւ հանրությունը նաեւ նրան օգնելով պետք է պահի պատասխանատվության տակ եւ դրանով նաեւ պահի իր շարժումը: Իրավիճակը այս տեսանկյունից իսկապես բավականին բարդ է եւ պատասխանատու, ու այստեղ, իհարկե, թափը պահելը պետք է լինի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ հենց յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը, որովհետեւ, խոշոր հաշվով, եթե անգամ Նիկոլի հաղթանակը չլինի բոլորինը, Նիկոլի պարտությունը անկասկած բոլորի պարտությունն է լինելու:

Սա ամենեւին լավագույն, այսպես ասած, դիլեման կամ իրավիճակը չէ, սակայն գուցե այդ իմաստով հենց նման սահմանային կամ ծայրահեղացված, անելանելի, անայլընտրանք վիճակներում է առավելագույն արդյունավետությամբ աշխատում միտքն ու կամքը՝ բացելով առաջ գնալու ճանապարհը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին