Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում ընտրողների հետ հանդիպումից առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված օդաչուների հիշատակը:
Ելույթի խոսքում արդեն Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Էջմիածնում արդեն 3 անգամ հասցրել է լինել, իսկ 9 օրվա քարոզարշավի ընթացքում ավելի քան 40 բնակավայրում են եղել, ինչը իրենց վերաբերմունքն է ՀՀ-ի նկատմամբ՝ լինել բոլոր բնակավայրերում, տեսնել մարդկանց:
«Ուրախ եմ արձանագրել, որ զգում եմ ՀՀ քաղաքացուն բոլորովին ուրիշ տրամադրությամբ: Սա չի նշանակում, թե այս 7 ամսվա ընթացքում մենք բոլոր խնդիրերը լուծել ենք կամ հաջորդ 7 ամիսներին պետք է լուծենք, սա նշանակում է՝ մենք գտել ենք բոլոր լուծումների բանաձևը՝ ժողովրդի լավատեսությունը, տիրոջ զգացումը: Այսօր մարդիկ կան՝ ասում են՝ ի՞նչ է փոխվել. փոխվել է հետևյալը, որ օրինակ Էջմիածնում փողոց կար, որ երկու ծերից շլագբաումով փակած էր, հիմա չկա նման բան, և եթե այդքան հեշտ էր, 20 տարի անեիք»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ի վերջո գտնվում են հայոց փառապանծ մայրաքաղաքներից մեկում՝ Վաղարշապատում, ուստի կխոսի արժեքներից և պատմությունից:
«Նոր Հայաստանում երիտասարդները պետք է մի քանի օտար լեզու իմանան, այո՛, մենք այսպիսի ամբիցիոզ խնդիր ենք դնելու, բայց դա չի նշանակում, որ որևէ կերպ թերագնահատում ենք հայոց լեզուն, մենք ասում ենք՝ ՀՀ-ում հայոց լեզվի բարձրագույն կարգավիճակի հետ կապված չի կարող լինել որևէ քննարկում: Հայոց լեզուն ՀՀ-ի միակ պետական, պաշտոնական լեզուն է, և շարունակելու է լինել միակ պետական լեզուն»,- ասաց նա և ելույթն ավարտեց Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունն արտասանելով:
Վաղարշապատում Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև ներկայացվող տեսանյութում Իսկ հաջորդ տեսանյութում՝ թե ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին մեծամորցիներն ու ինչ խոսեց հանրահավաքում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Կարդացեք նաև՝
Նիկոլ Փաշինյանն արտասանել է Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը