Ինչպես երեկ տեղեկացրել էինք, «Վերնիսաժ»-ի բոլոր նկարիչները, ովքեր 25 տարի է, ինչ այնտեղ են, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ ապօրինաբար գործող «քրչի շուկա» կոչվող երևույթի դեմ, որը տեղավորել են «Վերնիսաժի»-ի նկարների շարքի հարևանությամբ: Այսօր ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցեց նախաձեռնության անդամներից մեկի` նկարիչ Մերուժան Խաչատրյանի հետ, ով և ասաց.
«Մենք լսել ենք, որ «քրչի շուկա»-ն այստեղ բերելու որոշումը քաղաքապետի կողմից է կայացվել: Սա շատ սխալ է, նախ առևտուրը փողոցի վրա է իրականացվում, խանգարում է երեք կողմերին` նկարիչներին, բնակիչներին, և հետո, այդ մարդկանց էլ հարմար չէ, նորմալ, մշտական տեղ պետք է լինի: Իսկ այսպես շարունակել հնարավոր չէ:
Հարցին թե Քաղաքապետարան դիմել են, թե՞ ոչ` Մերուժան Խաչատրյանն ասաց, որ մի քանի օր առաջ դիմում է ներկայացվել: Նրանք ստացական են ուղարկել, որ ստացել են դիմումը, տեղյակ են: 30-40 օր պետք է անցնի որ պատասխանեն դիմումին, իսկ դա շատ երկար կտևի:
Մեր զրուցակցի խոսքով «քրչի շուկա»-ն «Վերնիսաժ» բերվել է անցած շաբաթվանից, իսկ դա, ըստ մեր զրուցակցի, «Վերնիսաժի» ցածր վարկանիշի պատճառներից մեկն է. «Վերնիսաժ»-ը որպես տոնավաճառ է գրանցված, բայց անընդհատ բերեցին, ինչ ասես լցրեցին, հիմա էլ սա, որը կարծես թե վերջին ակորդն է»,-նշեց նկարիչը` հավելելով, որ ով որ այցելում է «Վերնիսաժ», այս ամենից ճիշտ տպավորություն չի ստանա, կմտածի թե ամեն ինչ են վաճառում այստեղ: «Իրականում «Վերնիսաժ»-ը հանդիսանում է հայկական ազգային մշակույթի, արվեստների, արհեստների և նաև ժողովրդական բանահյուսության շատ ինքնատիպ կրողը»,-եզրափակեց Մերուժան Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Քաղաքապետարանին և նրանց դիրքորոշմանը, ապա ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում լրատվկան բաժնից պատասխանեցին, որ նկարիչների բողոքից տեղյակ չեն:
Հարցին, թե տեղյակ չե՞ք նաև նկարիչների ուղարկած դիմումից, պատասխանեցին, որ լսել են, որ դիմում են ներկայացրել, իսկ ակցիայի մասին տեղյակ չեն:
ASEKOSE.am-ը Տեղեկատվություն ստանալու հարցում կուղարկի Քաղաքապետարան, իսկ պատասխանը կներկայացնենք ավելի ուշ:
Անի Կարապետյան