▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր սկանդալ Վրաստանի և Թուրքիայի միջև

Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակի ընթացքում և հատկապես Սաակաշվիլիի իշխանության օրոք բավական զարգացան վրաց-թուրքական հարաբերությունները. խորացավ համագործակցությունը տնտեսական և էներգետիկ ոլորտում, զգալի թիվ կազմեց թուրքական ներդրումների քանակը, աճեց զբոսաշրջիկների փոխայցելությունները այդ երկրներ: Միևնույն ժամանակ նախկինում և այժմ ևս առկա են մի շարք խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի Թբիլիսին և Անկարան վայելեն լիարժեք վստահությունը միմյանց հանդեպ, և ավելի խորացնեն առկա համագործակցությունը:

Հատկապես աչքի է զարնում Թուրքիայի լկտի պահվածքը՝ դրսևորվող Թբիլիսիի հանդեպ: Առավել վառ օրինակը Աբխազիայի և Թուրքիայի միջև ձևավորվող որոշակի հարաբերություններն են, ինչը, բնականաբար, անհանգստացնող է վրացական կողմի համար և վերջինս բավական խանդով է վերաբերում ցանկացած գործողության, որը տեղի է ունենում Անկարայի և Սուխումիի մասնակցությամբ:

Ժամանակ առ ժամանակ տվյալ խնդիրը առաջ է գալիս՝ հուշելով Թբիլիսիին Թուրքիայի անազնիվ գործելաոճի և անվստահ գործընկեր լինելու մասին: Մասնավորապես վերջին շրջանում հաճախակիացել են Թուրքիայի հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչների այցելությունները Աբխազիա: Նույնը կարելի է ասել աբխազ պաշտոնյաների և ակտիվ հասարակական գործիչների
Թուրքիա կատարվող այցերի առնչությամբ:

Վերջին դեպքը, սակայն, վրաց-թուրքական հարաբերությունների տեսանկյունից վեր է ցանկացած տրամաբանությունից: Փետրվարի 10-15-ին Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան աշխատանքային այցով եղել է Անկարա, որտեղ հանդիպումներ է անցկացրել Թուրաիայի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների, առաղջապահության, էներգետիկայի, տնտեսության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և այլ ոլորտները ներկայացնող թուրք պաշտոնյաների հետ:

Տվյալ իրադարձությունը ցավագին է ընդունել վրացական կողմը: Վրաստանի ԱԳ նախարարություն է կանչվել Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը, ով կրկին անգամ փորձել է այլկերպ ներկայացնել իրականությունը՝ նշելով, որ այդ այցելությունները պաշտոնական չեն և Թուրքիան հավատարիմ է մնում Վրաստանի օկուպացված տարածքների մասին դիրքորոշմանը:

Վրաստանի փոխարտգործնախախար Գիգի Գիգիաձեն, սակայն, հայտարարել է, որ Թբիլիսին հետևողական է լինելու վերոնշյալ խնդրի առնչությամբ և այն բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ խիստ կերպով բարձրացնելու գործում:

Այն, որ վերջին շրջանում նմանատիպ այցելութոյւնները հաճախակիացել են, փաստ է, և մենք այս խնդիրը լրջորեն կքննարկենք մեր թուրք գործընկերների հետ, - հայտարարել է Գիգիաձեն:

Թուրքիան ստիպված է բացատրելու Թբիլիսիին, թե ինչպես է հնարավոր իրականությունը միշտ խեղաթյուրել, և եղած փաստը ներկայացնել այլ բովանդակությամբ:

Ալիկ Էրոյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին