▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ նախկինում, ոչ էլ հիմա չեմ պատրաստվում դիտել Ճոյտի ֆիլմը. Սամվել Մարտիրոսյան

Օրեր առաջ մեդիափորձագետ Սամվել Մարիտրոսյանը Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) սցենարով ու պրոդյուսերությամբ նկարահանված «Հիշողություն» ֆիլմի վերաբերյալ գրառում էր կատարել, որում նշել էր, որ հնչեցնում է իր ընկերոջ կարծիքը.

«Խեղճ տղան ջղայնությունից ֆիլմի կեսը ֆբ-ում ստաուս-մատուս է գրել: Ուրեմն. ամեն ինչ սկսում է թուրք տղու ու հայ աղջկա սիրո պատմությունից ու այդ սերիալի սցենարը զուգորդվում է Ցեղասպանության տեսարանների բեմադրությամբ: Ասում է՝ դաժան տեսարաններ բեմադրելուց Ճոյտը ֆանտազիային է զոռ տվել՝ էլ կնոջ կուրծք կտրել, էլ երեխա թունավորել, էլ անտանելի հռհռոց: Մի խոսքի որակի մասին չենք խոսում, իսկ ասելիք ֆիլմը չունի ընդհանրապես»:

Սամվել Մարտիրոսյանի գրառումից հետո մեծ աղմուկ էր բարձրացել համացանցում, ինչը վերջինս  խոսքով` կանխատեսելի չէր.

«Որևէ հետևանքի մասին չէի մտածում, դա ուղղակի գրառում էր: Օրվա ընթացքում ես տարբեր թեմաների հաճախ եմ անդրադառնում, առավել ևս, որ ֆիլմի շուրջ քննարկումներ էլ արդեն կային»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեդիափորձագետը:

Սամվել Մարտիրոսյանն անդրադարձավ նաև մեր այն դիտարկմանը, թե որքանով է ճիշտ խոսել մի ֆիլմից, որն ինքը դեռ չի տեսել.

«Այստեղ, ճիշտ և սխալի ոչինչ չեմ տեսնում, որովհետև ֆեյսբուքյան էջս իմ անձնական տարածքն է, որտեղ փոխանցել էի ինչ-որ մեկի մտքերը, առավել ևս, որ դրան զուգահեռ նաև ֆիլմի վերաբերյալ մեկ այլ գրառում էլ էի գրել, այսինքն` երկու կարծիք, երկու մոտեցում էի ներկայացրել»:

Նշենք, որ Սամվել Մարտիրոսյանի գրառումից հետո համացանցում նրա հասցեին տարբեր ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հնչել էին քննադատություններ, ինչպես նաև վիրավորանքներ, որոնք շատերի կարծիքով արվել էին ֆեյսբուքյան ֆեյքերի միջոցով: Այս մասին մեդիափորձագետն ասաց հետևյալը.

«Գրառումներ կատարողների մեջ և ֆեյքեր, և իրական մարդիկ կային, ինչպես նաև մարդիկ, որոնք իմ կարծիքով «Հիշողություն» ֆիլմի մեջ են ներգրաված և  քննադատությունը նրանք ընդունել էին որպես անձնական  վիրավորանք»:

Ամփոփելով զրույցը` Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց այն հարցին` արդյո՞ք պատրաստվում է այս ամենից հետո դիտել Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմը, թե՞ ոչ.

«Ճիշտն ասած ոչ նախկինում, ոչ էլ հիմա չեմ պատրաստվում դիտել ֆիլմը: Թրեյլերը տեսնելուց հետո  նայելու լուրջ ցանկություն չառաջացավ»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին