Պայքարի կենացը. Հոգևոր Ուսուցիչ Էլեոնորա Մանանդյանի ուղերձը համայն հայությանը.
Մոտենում է Նոր տարին, տոնածառի լույսերը վառում են, մարդիկ փակում են տարին և պատրաստվում են Ամանորը նշելուն: Իսկ այդ ընթացքում Հայաստանի վզին շարունակում է սեղմվել սարսափելի օղակը։ Եվ հետաքրքիր է, որ մեզ համար վաղուց արդեն Հայրենիքի խնդիրները դարձել են սեղանի շուրջ թեմաներ։ Ու դա մի կողմից զարհուրելի է, բայց մյուս կողմից՝ փաստ։ Դա նման է նրան, երբ ցանկացած տարածք կորցնելուց հետո փոխարենը միանգամից նոր ռեստորան է բացվում այդ անունով, կամ Երևանում հերթական շենք է կառուցվում, հիմա՝ Շուշի թաղամաս, և այդպես շարունակ:
Այդ ամբողջն այնքան զարհուրելի է, և երբ մտածում ես՝ իսկ ինչի՞ մասին են մարդիկ խոսում: Խոսում են ոչ թե Հայաստանի առջև կանգնած իրապես մեծ խնդիրների մասին, այլ կանգնում են ամենամանր, ճղճիմ բամբասանքների վրա, և դրանով ամբողջը էլ ավելի նսեմացնում, էլ ավելի փոքրացնում և դադարում մտածել էության մասին։ Դա այն պարագայում, երբ որ մենք այլևս ընդհանրապես ճանապարհ չունենք։
Մենք չորսուկես տարի շարունակ անընդհատ ասում ենք, որ Նիկոլը դավաճան է, մեզ շատերը մինչև հիմա շարունակում են հակադրվել՝ ասելով, որ ոչ, դավաճան չէ, այլ տգետ է, հիմար և այլն: Մենք դրա մասին անընդհատ կրկնում ենք՝ մենք չենք ասում «դավաճան»՝ որպես վիրավորանք, մենք ցիտում ենք ՀՀ քրեական օրենսգիրքը: Բայց լավ, ենթադրենք՝ ինքը տգետ է, հիմար է, այլ ոչ թե դավաճան։ Իսկ տարածքային ամբողջականության խախտու՞մը, դա՞ էլ է հիմարություն։ Ու այդպես կարելի է թվարկել ու թվարկել՝ օրենքի անդադար ոտնահարումը, այլ հանցագործությունները, որոնք ամեն օր փոքր-փոքր կուտակվում են և դառնում են մեծագույն չարիք:
Բայց մյուս կողմից, երբ նայում ենք մարդկանց, շատ տխուր է: Բոլորը եկել են Երևան, Երևանը դարձել է սարսափելի։ Մի կողմից աղտոտված, մյուս կողմից՝ պարզապես ինչ-որ առումով նաև տգեղ։ Ու մեր հին Երևանը գրեթե չկա։ Միաժամանակ Երևան լցվել են տարօրինակ մարդիկ՝ հնդիկներ, սևամորթներ ու այդպես շարունակ: Մարդիկ մտածում են՝ դե լավ, ոչինչ, ի՞նչ խնդիր է, որ եկել են: Խնդիրն այն է, որ իրենք զբաղեցնում են այդպես էլ սակավ աշխատատեղերը, և իրենց վերցնում են աշխատանքի ոչ թե նրա համար, որ իրենք համաձայն են աշխատել, այլ նրա համար, որ գործատուն սոցվճար չի վճարում, իրեն այդպես ձեռնտու է, բայց իրենք նաև լավ չեն աշխատում: Նորից տուժում է հայ ժողովուրդը: Ես էլ չեմ ասում, որ իրենք լուրջ վտանգ են նաև ազգային անվտանգության համար, որովհետև ոչ մեկը չգիտի, թե նրանք ինչ նպատակով իրականում եկել են այստեղ, գոնե նրանցից շատերը:
Բայց այդ ամբողջն էլ շատ ավելի փոքր է: Երևանում նստած մարդիկ չգիտեն ընդհանրապես, թե ինչ է կատարվում Երևանից դուրս: Մենք անընդհատ օրինակ ենք բերում Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը թուրքերին, որից հետո միջպետական ճանապարհն անցնում է սարսափելի բլուրներով ու կարելի է ասել, որ ճանապարհ ընդհանրապես չկա: Մարդիկ նստած են Երևանում և ընդհանրապես չգիտեն՝ ինչ է կատարվում Հայաստանում: Ես, ի տարբերություն Երևանի բնակիչների ճնշող մեծամասնության, առնվազն չորս սերունդ երևանցի եմ, քիչ մնացած երևանցիներից, սակայն Հայաստանի յուրաքանչյուր բլուրին, այդ բլուրի քարիկին վերաբերվում եմ որպես իմը: Դուք ինչու՞ եք նստած Երևանում՝ մտածելով, որ Երևանը պաշտպանված է: Ի սպառ՝ ոչ: Եվ ես դա չեմ ասում, որպեսզի վախեցնեմ, պարզապես ուզում եմ, որպեսզի մարդիկ հասկանան, որ Նիկոլի հիմարությունը ամենևին հիմարություն չէ: Այն, որ նա տգետ է, դա փաստ է, բայց հիմարությունն այլ դաշտում է: Երբ փորձում ես խորանալ, տեսնում ես, որ իրենց յուրաքանչյուր քայլն ուղղված է քայլ առ քայլ ավերելու հայ ազգի ամբողջ առանցքը: Իրենք հստակ փորձում են քայլ առ քայլ հարվածել մեր հիմնական, մեզ պահող արժեքներին: Մարդիկ այդ պահին ջղայնանում են, զայրույթն առաջանում է, բայց հետո անցնում գնում է, իսկ այդ քարիկները նա փորձում է կոտրել, և դա նպատակաուղղված քաղաքականություն է, հենց հայատյաց քաղաքականություն, որը դրսևորվում է ոչ միայն մեր ոխերիմ թշնամու կողմից, այլ մեր սեփական իշխանության, սա է սարսափելին:
Քարիկ առ քարիկ՝ ինքը խփում է կրթության համակարգին, հարվածում է Արևմտյան Հայաստան հասկացությանը, հարվածում է մեր պատմությանը, փորձում է ընդհանրապես դուրս հանել ցեղասպանության թեման, ինքը փորձում է մոռանալ Սփյուռքի մասին, հարվածել Սահմանադրությանը՝ փորձելով ընդհանրապես հանել Անկախության հռչակագիրը, իրենք ամբողջ թիմով անդադար քարկոծում են Եկեղեցին, և ի վերջո՝ Արարատը: Արարատը մեր հիմնական խորհրդանիշներից մեկն է, որ կազմակերպությանն էլ որ նայես, այս կամ այն ձևով Արարատն առկա է պատկերների մեջ: Հիմա իրենք անընդհատ կիրառում են այդ փոքրիկ արտահայտությունը, որ Հայաստանի ամենաբարձր գագաթն Արագածն է: Ո´չ, Հայաստանի ամենաբարձր գագաթը եղել է, կա և կմնա Արարատը, Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթն է Արագածը, ցավոք սրտի: Դուք այդ ամբողջն անտեսելով՝ կորցնում եք հիմնարար խորհրդանիշները, ու դուք, և ոչ թե նիկոլը, այլ դուք, որ չեք հասկանում դա, հենց դուք եք, փաստացի, դառնում հիմար:
Երբ որ խոսում ես մարդկանց հետ ու մտածում ես՝ լավ, եթե իրենք չեն հասկանում, դա ներելի է, բայց եթե իրենք էլ են մասնակցում դրան, ապա՝ իժերի ծնունդներ, ներկած դագաղներ և այդպես շարունակ, ու ես ընդհանրապես չեմ վիրավորում, ես ցիտում եմ Աստվածաշունչը:
Հիմա փորձենք առաջ գնալ, այս ամբողջը, իհարկե, մեծ ցավ է բոլորիս համար: Սակայն ամենամեծ ցավը այն չէ, որ իշխանության գլխին կանգնած են դավաճաններ: Ամենամեծ ցավն այն է, որ չարիքը շատ է, այդ չարիքի անունը լեգեոն է, որովհետև չարիքը համատարած է. մի կողմից՝ անջատված զանգվածներ, մյուս կողմից՝ մտավորականություն, որն անընդհատ հեգնում է այդ զանգվածներին, մի կողմից՝ դավաճան իշխանություններ, մյուս կողմից՝ կամ ծախված, կամ ընդհանրապես սկզբունք չունեցող ընդդիմություն, կամ իրենց ընդդիմություն ներկայացնող մարդիկ: Երբ որ մի բան խոսում ես, ասում են՝ Նիկոլի ջրաղացին ջուր եք լցնում, կամ Քոչարյանի ջրաղացին ջուր եք լցնում. ես գործ չունեմ ձեր ջրաղացների հետ, դադարե´ք խոսել դրա մասին, ես գործ ունեմ միայն իմ Հայրենիքի, իմ ազգի և ճշմարտության հետ, մնացածն ինձ չի հուզում: Ինձ չի հուզում, թե ես ինչպես պետք է խոսեմ, որպեսզի ինչ-որ մեկին դրանից ավելի լավ լինի: Ինձ համար ամենահստակն այն է, որ այս չորս տարում, միանշանակ, հեշտությամբ հնարավոր էր տապալել Նիկոլին և ամբողջ ՔՊ-ին, պարզապես պետք էր ճիշտ քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե ամեն անգամ ետ քայլ անել: Գիտեք, ծիծաղելի է, ասում են՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտություն, Հայաստանի պարագայում դարձել է այսպես, որ ով միկրոֆոն և դինամիկ ունի, նա էլ հեշտությամբ գողանում և տապալում է ցույցերը: Ու այդ ամբողջը պարզ պատճառներից է. ամեն մեկը գալիս է և մյուս ակնթարթում սկսում երազել, թե ինքը ինչ վարչապետ կլինի, մյուսները սկսում են իրար հետ վիճել, թե քանի տեղ կունենան Ազգային Ժողովում, և դա աննկարագրելի ճղճիմ է, որովհետև Հայաստանը հիմա այդ վիճակում չէ:
Ու գիտեք, ընդդիմության այդ չարախնդությունը սարսափեցնում է, որովհետև մի կողմից դուք չարախնդում եք, բայց մենք բոլորս մի նավում ենք, և այդ նավը աչքի առաջ խորտակվում է՝ մեզ հետ միասին, նաև ձեզ հետ միասին:
Ես նորից ու նորից կրկնում եմ՝ ես քաղաքական գործիչ չեմ, չեմ էլ ուզում լինել: Ոչ թե չեմ կարող, այլ դա շատ մանր է ինձ համար: Ես նորից ու նորից ասում եմ և դեռ էլի հազար անգամ կասեմ՝ քաղաքական պայքարը և հետո պետությունը ղեկավարելը դա տարբեր բաներ են: Վերջապես հասկացեք, որ դա տարբեր բաներ են: Մենք պայքարել ենք, պայքարում ենք և կպայքարենք, իսկ նրանք, ովքեր հետո ղեկավարելու են պետությունը՝ ազատված Նիկոլի ռեժիմից, վստահաբար կգտնվեն, որովհետև մենք շատ խելացի մարդիկ ունենք:
Աշխարհի վիճակը սարսափելի է, բայց մենք պիտի հասկանանք, որ լուծումներ մշտապես կան: Այս ավերված աշխարհում փոխարենը կա մի հստակ աշխատող բանաձև. անձերը շատ ավելի շատ բան են որոշում ներկայիս աշխարհում, քան առաջ: Ռուսաստանի օրինակով՝ ընդամենը մեկ անձով ամբողջ աշխարհը տապալվում է: Հիմա դա լավ է, թե վատ, դրա մասին չենք խոսում, պարզապես փաստ է: Հիմա Հայաստանի անհապաղ փրկությունը ամենակարևոր հարցն է, բայց դրա համար անհրաժեշտ է անհապաղ ձերբազատվել Նիկոլից և ՔՊ-ականներից: Ու դա էլ է շատ տխուր, որովհետև առնվազն 2015 թվականից գոնե նրանց համար, ովքեր փորձում էին խորհել, արդեն ակնհայտ էր, թե ինչ է կատարվում: «Անքլ Սեմը» կամ «ձյաձ Վովան» սկսել էին կանչել ու ասել՝ պատրա՞ստ ես հանձնելու Արցախը, եթե այո, ապա կլինես նախագահ: Եվ նման դեպքերում հեշտությամբ կարելի է գնել ամենակոմպլեքսավորված, խղճուկ մարդկանց, որոնք ինչ-որ բաներից նեղացած էին, որոնք ունակ չէին սիրել, կամ նախանձում էին: Ու իրենց հեշտությամբ գնեցին և բերեցին իշխանության: Միշտ ամենակոմպլեքսավորված զանգվածն է դառնում դավաճան, սա մեր բոլորի տխրությունն է, որովհետև լավ կլիներ, որ մեր ազգում չլինեին նման մարդիկ ընդհանրապես: Դա մեր բոլորի ցավն է, այո´, բայց հիմա մենք ունենք լուրջ խնդիր լուծելու ու այլ ձևով հնարավոր չէ, այլ ձևով մենք Սիրիայից էլ ավելի ծանր ճակատագրի կարժանանանք: Դրա համար մենք հենց հիմա, անհապաղ, պետք է կարողանանք պայքարել, ուրիշ տարբերակ ընդհանրապես չունենք:
Ի թիվս բոլորի, ուզում եմ կոչ անել նաև Սփյուռքին: Ցանկացած խնդրի ժամանակ դուք գիտեք, որ կա Հայաստանը, և դուք կարող եք գալ Հայաստան: Հայաստանը հիմա խնդիր ունի, եկե´ք ու տե´ր կանգնեք ձեր Հայրենիքին, որովհետև մեր բոլորիս հողն է, և այս հողն է պահում մեր բոլորիս արմատները: Դրա համար բոլորին հիմա դիմում եմ. ես հասկանում եմ, որ մինչև Նոր տարի առանձնապես ոչ ոք տեղից չի շարժվի: Ես ուզում եմ պարզապես կոչ անել, որ երբ որ կենաց խմեք Նոր տարվան, ոչ թե խաղաղության կենացը խմեք, այլ պայքարի կենացը: