Վերջին մի քանի օրերին մեր հասարակությունն առիթ ունեցավ առնչվելու «հերոսություն» հասկացության առարկայական դրսևորումների հետ: Նախ՝ մեր օդաչուները, ովքեր զոհվեցին թշնամու գնդակից, ապա՝ մեր հատուկջոկատայինները, ովքեր, վտանգելով սեփական կյանքը, ի հեճուկս թշնամու սպառնալիքների, վերջինիս «քթի տակից» հայրենիք վերադարձրեցին տղերքի մարմինները:
Ինչ խոսք, կատարվածի ցավը հնարավոր չէ արտահայտել բառերով, բայց որքան էլ ցավալի է՝ հենց նման նախադեպերն են սերունդների մոտ հերոսի կերպար ձևավորում՝ իրական հերոսի... Նրանք 20, 30 տարեկան էին... հաշված օրեր առաջ ապրում էին մեզ հետ, մեր կողքին...բայց նրանցից որևէ մեկը երբեք այդպես էլ չպատմեց, հարթակներից չբղավեց, թե ինչի է պատրաստ հանուն հայրենիքի, թե ինչքան կարևոր գործ է անուն պետության ու ազգի համար: Կանցնի մի քանի օր ևս ու հրապարակ կելնեն մերօրյա «հերոսները»:
Երևի, նույնիսկ համեմատելն է մեղք, բայց վերջիններս տարաբնույթ հարթակներից կսկսեն խոսել երկրի փրկության, թշնամու դեմ պայքարի կարևորության, ազգի ապագայի մասին: Մի քանի օրից վահանբաբայաններն ու նմանները կպատմեն, թե ինչքան մտահոգված են ազգի ապագայով, բայց հենց գա գործելու պահը, կփախչեն՝ ամենաարագ ու անվտանգ ճանապարհով:
Վահանբաբայաններն ու նմանները էսօր առիթը բաց չեն թողնում ժողովրդի աչքին երևալու, սպասված ու լսարան գրավող տեքստեր ասելու համար, բայց ժողովուրդը ճանաչում է իր հերոսներին, նույնքան լավ, որքան հերոս դառնալու երազանքով ապրող շարքային ինքնակոչ սրիկաներին: