▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրեմն՝ հայկական բանա՞ն կա...Արմեն Սարգսյանը լուսանկարվել է բանանի ծառի տակ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  Այգեձոր սահմանամերձ համայնքում այցելել է Մելիս Բաբայանի հիմնած արևադարձային այգի։

78-ամյա գյուղատնտեսը հիմնել է յուրօրինակ արևադարձային բույսերի և ծառատեսակների այգի։ Խնձորենու և սալորենու կողքին նա աճեցնում է կիվիի, բանանի ծառեր և արմավենիներ:

Նախագահը շրջել է այգում, զրուցել սրտացավ այգետիրոջ հետ, հետաքրքրվել բերքի իրացմամբ և հաջողություններ մաղթել նրան: «Մելիս Բաբայանին հանդիպեցինք, ով կյանքի մի մասը ծննդավայրից դուրս անցկացնելուց հետո վերադարձել է և այգի գնել: Այս այգու մեջ ստեղծագործություն կա, դրանում կան մեր ավանդական ծառերը, մրգերը, բանջարեղենը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը՝ ողջունելի համարելով, որ դրանց կողքին այգու տերը փորձում է, օրինակ, արմավենի աճեցնել: «Սրա մեջ իմաստ կա,-ասել է նախագահը,-քանի որ փորձելով անհնարինը՝ հաճախ կարող ես տարօրինակ արդյունքներ ստանալ»:

Արմեն Սարգսյանն այցելել է նաև Տավուշի  մարզի արտադրական ձեռնարկություններ։ 

Նախագահ Սարգսյանը եղել է Չինարի և Սյգեձոր համայնքների միջև գտնվող Eco Garden Corporation գյուղմթերքի ընդունման և պահածոյացման ձեռնարկությունում։ Նախագահը շրջայց է կատարել ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական հզորություններին։ Տնօրեն Սամվել Մարկոսյանը նշել է, որ 2010 թվականին հիմնված ձեռնարկությունն արտադրում է տարբեր տեսակի պահածոներ, արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Արտադրության համար անհրաժեշտ մրգի և բանջարեղենի մթերման 80%-ը ապահովվում է տեղի գյուղական համայնքներից: Ձեռնարկության աշխատակիցները հիմնականում Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ համայնքներից են։ 

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Իջևանի գինու, կոնյակի գործարանում:

Շրջայցի ընթացքում նախագահը ծանոթացել է գործարանի արտադրական հզորություններին ու ծավալներին: Գործարանն արտադրում է գինի, մրգային օղիներ և կոնյակ, խաղողը հիմնականում մթերվում է Տավուշի մարզից:
Գործարանի ղեկավարները նախագահին պատմել են իրականացված աշխատանքների, արտահանման շուկաների և առաջիկա ծրագրերի մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին