▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուզենք, թե չուզենք, մեր խնդիրը եղել ու մնում է Նիկոլ Փաշինյանը»

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այն մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակի լրջությունը, հասկանում են, որ պահը ճակատագրական է, որ եթե հիմա ոչինչ չանենք, ամեն օր ավելի կկորցնենք, շարունակում են լուծումներ փնտրել: Ցույցեր, հանրահավաքներ, գրառումներ, կոչեր, գործողություններ ուղղված միջազգային գործընկերներին: Այդ ամենը պետք է արվի ու կարևոր է: Բայց ուզենք, թե չուզենք մեր խնդիրը եղել ու մնում է Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած վտանգավոր քաղաքականությամբ:
Ակնհայտ է՝ իշխանությունը հրաժարվել է թե՛ իր նախընտրական ծրագրից, թե՛ ԱԺ–ում հաստատված կառավարության ծրագրից, հիմա իրագործում է ծրագիր, որը հակասում է իր իսկ հռչակած ծրագրային դրույթներին: Նման դեպքում կառավարությունը հրաժարական է տալիս, բայց մենք դժվար նման խելամիտ քայլի ականատես լինենք Նիկոլ Փաշինյանի կողմից: Նա պատրաստ է կործանել թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը միայն պահի սեփական իշխանությունը ու չընդունի, որ սխալ է, որ իր մոտ չի ստացվում, որ ինքը քանդում է ամեն ինչ: Բայց մի կողք թողնենք իշխանատենչ Փաշինյանին:
Ի վերջո, այս երկրում կա նաև ընդդիմություն: Տևական ժամանակ է մտածում եմ ու փորձում հասկանալ՝ ինչու՞ է ընդդիմությունը պահել իր մանդատները խորհրդարանում, ի՞նչ հարց է լուծում, ԱԺ ամեն նիստին միայն ավելի են խայտառակվում, միջազգային հարթակներում մեծ բան փոխել չի ստացվում, հիմա իմաստը մանդատ պահելու ու ԱԺ–ում մնալու ո՞րն է: Ի վերջո, դա Նիկոլ Փաշինյանի քայլերի լեգիտիմացմանն է ծառայում: Իշխանության հրաժարականին հասնելն այս պահին իրատեսական չի, բայց հանրային պահանջ կարող է դրվել, որ ընդդիմությունը վայր դնի մանդատներն ու դուրս գա խորհրդարանից: Դրանով ԱԺ–ն չի ցրվելու, բայց առաջանալու է քաղաքական լուրջ ճգնաժամ, ինչը ապալեգիտիմացնելու է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարած քաղաքականությունը:
Կարծում եմ՝ եթե ընդդիմությունն իսկապես մտահոգ է ու գիտակցում է, թե ինչ է կատարվում, գործելու ժամանակն է: Փողոց դուրս գալ պետք չի, փողոցային պայքարն արդեն ձախողել են, բայց կարող են մանդատները վայր դնել ու ցույց տալ իրենց անհամաձայնությունը տարվող քաղաքականության հետ՝ ստեղծելով քաղաքական բարդ ճգնաժամ: Դա նույնիսկ կարող է օգնել, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի հետքայլեր անի ու փոփոխություններ մտցնի իր քաղաքականության մեջ: Նա, առնվազն, չի կարող շարունակել կառավարել այնպես, կարծես ոչինչ չի եղել:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին