Մեր Հայ առաքելական եկեղեցին հինգ տաղավարահարած կարևոր տոներից հետո, այսինքն՝ Հիսուսի սուրբ Ծնունդից, սուրբ Հարությունից՝ (Զատիկից), Այլակերպության տոնից՝ (Վարդավառից), Տիրամոր Վերափոխումից՝ (խաղողօրհնեք) և սուրբ Խաչից՝ (ՍփԽեչ) համորեն ննջեցյալների հիշատակման օր է նշանակել (մեռելոց):
Այդ օրերին մեր հանրապետությունում աշխատանքային օր չէ, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա գնալ իր հարազատների շիրիմներին այցելության, հարգելու նրանց հիշատակը՝ աղոթելու և խնկարկելու: Այդ բոլորը իհարկե լավ է, բայց շատերը ամենակարևորն են մոռանում, որ այդ ննջեցյալների համար մեր բոլոր եկեղեցիներում սուրբ Պատարագ է մատուցվում հատուկ այդ նպատակով, որի արարողության ժամանակ օծյալ քահանան մեկ առ մեկ կարդալով հիշատակում է բոլոր ննջեցյալների անունները և աղոթում նրանց հոգիների խաղաղության համար, ինչպես որ գրված է պատարագամատույցում.
- Տէր ողորմեա՛. Տէր ողորմեա՛. Տէր ողորմեա՛: Քրիստո՛ս Որդի՛ Աստուծոյ անոխակալ եւ բարեգութ գթա՛ Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Մանաւանդ ի հոգիս (այս անուն...): Յիշեա՛ հաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա՛ արժանի ողորմութեան քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս Քո յաջակողմեան դասում: Զի Դու ես Տէր ու Արարիչ ամենեցուն դատաւոր կենդանեաց եւ մեռելոց: Եւ Քեզ վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամեն:
Ուրեմն, եթե մենք այդ օրը չգնանք սուրբ Պատարագի և չտանք մեր ննջեցյալ հարազատների անունները, ապա իմանանք, որ մեր նրանց զրկում էնք մեծ հոգևոր օրհնություններից, քանզի միայն սուրբ Պատարագի արարողությունով ու քահանայի աղոթքով է ննջեցյալների մեղքերին քավություն ու թողություն և հոգու խաղաղություն լինում, ինչպես որ վերը կարդացինք:
Իհարկե, մենք շատ բան չգիտենք ննջեցյալների իրական վիճակի մասին, բայց ինչ որ հայտնված է մեզ Ավետարանով ու եկեղեցու սուրբ վարդապետների միջոցով, մենք՝ ողջերս, կարող ենք մեծ օգնություն ցուցաբերել ննջեցյալներին: Այդ է ասում նաև եռամեծ վարդապետ Գրիգոր Տաթևացին.
«Պետք է աղոթքով խնդրել հավատացյալ ննջեցյալների համար, քանզի եթե աղքատներն ու չքավորները կարոտ են ողորմության, առավել ևս նրանք, ովքեր զրկվել են բոլոր բարիքներից ու հայտնվել անճարության մեջ: Ու եթե հաշմանդամներին ենք ողորմություն անում, որքա՜ն առավել պետք է նրանց ողորմել, որոնց ամբողջ մարմինն է ապականվել ու տարածվել հողի մեջ: Եվ եթե մարդկանց ձեռքը գերի ընկածներին ենք ողորմում, որքա՜ն առավել պետք է նրանց ողորմել, ովքեր մեղքերի պատճառով մատնվել են սատանային:
Ու քանի որ նրանք չեն կարող ապաշխարել մեղքերի համար ու մեռյալները չեն կարող օգնել մեռյալներին ու տալ նրանց խնդրածը, ինչպես որ Աբրահամը մի կաթիլ ջուր չտվեց հարուստին, ուստի միայն մարդասեր ու գթած Աստծո ողորմությանն ենք ակնկալում:
Հետևաբար մենք պետք է ողորմենք և աղոթենք նրանց համար, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս, ու աշխարհի սխալանքներից ինչ-ինչ բաներ մնացին նրանց մոտ: Նաև նրանց համար պետք է մեղքերի թողություն խնդրել, ովքեր հանկարծկի մեռնելով (պատերազմում, գազաններից, հողմից, կայծակից, հիվանդությունից կամ այլ պատահարներից), չհասցրեցին խոստովանել իրենց մեղքերը ու սուրբ պսակի արժանանալ:
Եվ այսպես, սուրբերին ու արդարներին պետք է հիշել որպես բարեխոսներ, իսկ մեղավորներին՝ նրանց համար ներում խնդրելով»:
Իսկ Հովհաննես Դամասկացին նույն բանի մասին գրում է.
«Յուրաքանչյուր մարդ, որն իր մեջ ունեցել է առաքինության թեկուզ մի չնչին թթխմոր, բայց հակառակ իր ցանկությանը, չի կարողացել վերածել հոգևոր հացի, ծուլության, անհոգության կամ այսօր-վաղը գցելով, վախճանից հետո չի մոռացվի արդար Դատավորի կողմից, ու նրա հարազատներին, մոտիկներին կհորդորի ու նրանց մտքերը կուղղի, որպեսզի օգնեն նրանց»:
Իսկ Հովհաննես Ոսկեբերանը այսպես է մխիթարում.
«Երբ դու ամուսնացնում ես դստերտ, և դա դժբախտություն չես համարում, եթե նրա ամուսինը նրան հեռավոր երկիր է տանում, որովհետև կարոտի թախիծը փարատվում է նրանց մասին բարի լուր լսելով: Իսկ երկրի վրա մահվան ժամանակ, Աստված Ինքն է Իր մոտ տանում քո հարազատին, և դու տխրո±ւմ ու դժգոհո±ւմ ես դրա համար»:
Նաև Վարդան Այգեկցի վարդապետն է իր խրատների գրքում հանգմանալից գրում ննջեցյալների մասին, որից մի հատված կարդանք.
«Հիշի՛ր քո ննջեցյալներին և խնամք տար նրանց ողորմությամբ ու Պատարագներով, որովհետև ննջեցյալների ակնկալությունն ու հույսը Աստված է, ինչպես և մեր, որովհետև չկա որևէ մեկը, որ կարողանա առանց մեղքի դուրս գա այս աշխարհից: Քանի որ ննջեցյալները մինչև յոթ սերունդ մնում են՝ պաղատելով Աստծուն և ակնկալելով, որ իրենց ազգից մի մարդ կամ սուրբ քահանա հայտնվի, որ կջանա Պատարագներով և ողորմություններով ազատել իրենց տանջանքների սպառնալիքներից, որոնք պատրաստված են իրենց համար: Իսկ ննջեցյալների հիշատակը, որ կատարում ենք ողորմությամբ, Պատարագով և աղոթքով, հրեշտակը տանում և դնում է ննջեցյալների առաջ, որից նրանք հույժ ուրախանում և զվարճանում են»:
Սուրբ հայրերի այս գրվածքները հենց այնպես չեն գրվել, որպես փուչ մխիթարություն մեզ համար, այլ հիմնված են Աստծու անսուտն խոսքի վրա:
Կարդանք դրանցից մի քանիսը.
«Եթե հավատում ենք, թե Հիսուսը մեռավ ու հարություն առավ, նույնպես էլ Աստված ննջեցյալները Հիսուսով պիտի բերի Իր հետ»: (Ա Թեսաղ. 4.14)
Եվ վերջապես մեր Տիրոջ սուրբ շուրթերից ելած այս խոստումը ունենք.
«Կգա՛ ժամանակ, երբ նրանք, որ գերեզմաններում են, կլսե՛ն Աստծո ձայնը և դո՛ւրս կգան. ովքեր բարի գործեր են արել՝ կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի հարության համար»(Հովհանես 5.28):
Իսկ վերջում զետեղենք մի աղոթք ննջեցյալների համար.
«Աղաչում և խնդրում եմ Քեզանից՝ ով բարեգութ Աստված, մեր ազգի հին ու նոր և բոլոր հավատքով ու հույսով ի Քեզ ննջածների համար: Մանավանդ իմ մարմնավոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների և բարեկամների համար: Հիշիր Քո ողորմությամբ գալստյանդ մեծ Օրը, թողություն շնորհիր նրանց բոլոր մեղքերին ու սխալներին, և դասիր Քո սուրբերի հետ աջակողմյան դասում և տուր լսել Քո երանավետ բարբառը, թե եկե՛ք Իմ Հոր օրհնյալներ: Եվ ըստ նրանց՝ մեր հանդեպ երախտիքների, մեկի դիմաց բյուրապատիկ հատուցիր նրանց հոգիներին, և անդատապարտ դարձրու մեզ նրանց պարտքից:
Եվ Քեզ փա՜ռք հավիյանս հավիտենից. Ամեն»:
Աղբյուր` Qahana.am: