Արդեն տեղեկացրել ենք, որ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ի պաշտպանություն նույն գործողությունն իրականացրած ակտիվիստ Անուշ Լալայանի, ծածկել էր Դիլիջանի թունել տանող ոլորանների արագաչափերից մեկը:
Դրանից հետո ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, ինչից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր արել է, իր խոսքով, «Անտիսաշիկ-2» գործողությունն՝ ի պաշտպանություն անհնազանդության գործողություններ իրականացնող մյուս ակտիվիստների՝ ի դեմս Վարդգես Գասպարիի ու Արփի Դավոյանի:
Նշենք, որ Վարդգես Գասպարին այսօր բողոքի ակցիա էր իրականացնում Բաղրամյան 26-ում՝ ընդդեմ նախագահի լիազորություններն այսօր ստանձնող Արմեն Սարգսյանի: Ոստիկանները ուժով Վարդգես Գասպարիին տեղափոխել են դիմացի մայթ:
Իսկ Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հետևյալը. «Առավոտյան մեր բնակարանի դռան առջև ինձ դիմավորեց այս գլխատված ճնճղուկը։ Փաստորեն, Կոզա Նոստրայի կանոններով ապրող մարդիկ կան մեր կողքին։Ինչևիցե,լավ եղեք....»