▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց

«2018 թվականին թվում էր թե Նիկոլ Փաշինյանը իր շուրջն է հավաքել ամենահավատարիմ թիմին, սակայն իշխանության գալուց հետո Փաշինյանը բազմիցս ապացուցեց, որ չի վստահում իր իսկ թիմակիցներին։ Տարեցտարի ակնհայտ էր դառնում, որ կամ վարչապետի հետևորդները հոգնել են նրա տատանողական վարքագծից, կամ Փաշինյանը թիմակիցներին վստահելու լուրջ խնդիրներ ունի։

«Փաստինֆո»-ն է գրում, նշելով, որ վարչապետը 44-օրյա պատերազմից հետո սկսեց ավելի հաճախ փոխել մերձավորներին։ Տարաձայնություններ էին սկսել Արսեն Թորոսյանի, Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի, ԱԳ նախարարների, քաղաքապետերի ու այլ պաշտոնյաների հետ։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո էլ երկու ընդդիմադիր ուժերի՝ խորհրդարանում հայտնվելուց հետո կանոնակարգային փոփոխություններ մտցվեցին նաև խորհրդարանում։

Նիկոլ Փաշինյանի թիմի ներսում խնդիրներն ավելի են լրջանում։ Թիմում իրար չեն վստահում։ Փաշինյանն անգամ ԱԱԾ-ին է ներգրավել՝ ակտիվորեն զբաղվելու թիմակիցների նամակագրությունների ուսումնասիրությունների գաղտնալսումների գործում և փորձում է գտնել նաև քննադատներին, հայհոյողներին։ Փաշինյանը իր անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել է ամբողջ ուժային համակարգը, ամեն կերպ ուզում է հարգանք պարտադրել։

Նիկոլ Փաշինյանի անվստահությունը իր իսկ թիմի նկատմամբ հասնում է անգամ հիվանդագին աստիճանի։ Մոտ երկու շաբաթ առաջ մամուլում հրապարակումներ եղան, թե Փաշինյանն ընդդիմադիրներին, թիմակիցներին գաղտնալսելու համար 7 մլն դոլար արժողությամբ «Պեգասուս» համակարգն է ձեռք բերել: Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը:

Pegasus-ը՝ իսրայելական NSO Group ընկերության ֆլագմանական արտադրանք է, որը մշակում է ծրագրային ապահովում կիբերհարձակումների համար։ Ստեղծված NSO Group տեխնոլոգիան թույլ է տալիս հաճախորդներին, իմանալով միայն պոտենցիալ թիրախային հեռախոսահամարը, ներդնել Pegasus-ը հեռախոսի մեջ: Ընկերությունում պնդում են, որ համագործակցում են միայն կառավարությունների հետ եւ իրենց արտադրանքը չեն վաճառում անհատներին կամ ընկերություններին:

Փաշինյանն ինքը երկակի խաղ է սկսել ու չի էլ գիտակցում, որ ձեռք բերելով գաղտնալսող համակարգը վտանգում է պետական շահը։ Հարցի մյուս կողմն է, թե արդյոք Փաշինյանը գիտակցված է ձեռք բերել իսրայելական գաղտնալսման համակարգը, քանի որ, անկախ բովանդակությունից, ձայնագրությունները կարող են հայտնվել նաև թշնամու ձեռքում։

Պատերազմի օրերին նույն թշնամին ՀՀ-ի դեմ օգտագործում էր իսրայելական զենքեր, ԱԹՍ-ներ ու չէր թաքցնում դրա մասին, իսկ պատերազմից հետո համախոհներից զենքի առևտուր են իրականացնում։ Ադրբեջանն ու Թուրքիան ՀՀ-ից ցանկացած տեղեկություն ստանալու համար ջանք ու գումար չեն խնայի։ Հարցը նրանում է, թե արդյոք Փաշինյանն այդ մասին չգիտի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին