Վերջին շրջանում քաղաքական դաշտի տրանսֆորմացիոն գործընթացների ֆոնին ականատես եղանք խորհրդարանական բոլորովինին նոր նախաձեռնության: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդես եկավ նախագահին պաշտոնանկ անելու Ազգային Ժողովի որոշման նախագիծը արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ:
Այս նախաձեռնությունը նոր թեզ առաջ քաշեց քաղաքական դաշտում և սպասվածի պես, այն նոր վերադասավորումների առիթ դարձավ: Մասնավորապես ակտիվ քննարկվում էր, թե արդյոք գործընթացին կաջակցեն ոչ իշխանական ուժերը:
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Ազգային Ժողովի ոչ իշխանական ուժերի պատգամավորների թիվը ավելին է քան անհրաժեշտ 44-ը` հույս հայտնելով, որ վերջիններս կմասնակցեն քվեարկությանը: Կանխատեսումներ կային, որ նախաձեռնությանը միանալու էին փոքր թվով քաղաքական ուժեր և այն հաջողություն չի ունենալու:
Երեկ Ազգային Ժողովի նիստում պատգամավոր Փաշինյանի նախագիծը տապալվեց` չկարողանալով հավաքել բավարար քանակով ձայներ: Նախագծին կողմ էին քվեարկել ընդամենը 3 պատգամավոր` Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը:
Հատկանշական է այն փաստը, որ քվեարկության ավարտից հետո ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ասել է, որ իրենք իրատեսական չեն համարել Նիկոլ Փաշինյանի նախագիծը, քանի որ երկրորդ փուլում միևնույն է չի կարողանալու հավաքել բավարար քանակով ձայներ. «Վիճակը իրատեսականորեն հետևյալն է. նրա համար, որպեսզի գործընթացը հասնի ավարտին, անհրաժեշտ է երկփուլանոց գործողություն՝ առաջին փուլում 66 ձայնի ապահովմամբ, երկրորդ փուլում՝ 88 ձայնի ապահովմամբ։ Ստացվում է, որ այդ նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկքայլանոց գործողություն, և այդ իսկ քայլով ավարտվելու է անհաջողությամբ»:
Նախագծի տապալումից հետո մամուլը քննադատում էր Եռյակին Փաշինյանի նախագծի նկատմամբ ձեռնպահ մնալու համար, բացառությամբ մի քանի կոնկրետ քաղաքական կողմնորոշում ունեցող լրատվական կայքերի:
Հարկ է նշել, որ ոչ իշխանականների հակափաստարկը հիմնավորված չէր: Եթե Եռյակի ներկայացուցիչները գտնում են, որ նախագիծը անիրատեսական է նրանով որ երկրորդ փուլում չի կարողանալու հավաքել բավարար ձայներ, ապա այդ դեպքում, ընդիմության կողմից ներկայացված ցանկացած նախագիծ նույն տրամաբանությամբ հնարավոր է հաջորդ փուլ չանցնի և այդ պատճառով բոլոր նախագծերը պետք է տապալվեն: