▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովն արդյո՞ք պատահական է ընտրել Ավետիսյանների տունը.Փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով փաստաբան Երեմ Սարգսյանը նոր միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին՝  քրեական գործի որոշ էական հանգամանքների բազմակողմանի հետազոտման և  բացահայտման նպատակով:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում  տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն ասաց, որ ուսումնասիրել է դեպքի վայրը և դրա հարակից տարածքները.ռուսական ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն և  այդտեղից դեպի Բայանդուր գյուղ տանող հնարավոր երթուղիները, հայ-թուրքական սահմանի հարակից հատվածը, որտեղ հայտնաբերվել էր Վ.Պերմյակովը: 

«Մինչ օրս էլ դեռևս պարզաբանված չեն այն հարցերը, թե ինչպե՞ս է մեղադրյալ Վ.Պերմյակովը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայից գնացել Ավետիսյանների՝ նույն քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն, արդյո՞ք պատահական է ընտրվել հենց այդ տունը, թե՝ ոչ, ինչպե՞ս է Վ.Պերմյակովը նշված տանից գնացել մինչև Բայանդուր, Երազգաորս գյուղեր՝ հայ-թուրքական սահմանի մոտ, որտեղ էլ հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ սահմանապահների կողմից, ուստի անձամբ գնացել մանրակրկտորեն ուսումնասիրել եմ դեպքի վայրը և դրա հարակից տարածքները, ռուսական ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն և այդտեղից դեպի Բայանդուր գյուղ տանող հնարավոր երթուղիները, Բայանդուր և Երազգավորս գյուղերի տարածքները, ինչպես նաև բուն հայ-թուրքական սահմանի հարակից հատվածը, որտեղ Վ.Պերմյակովը հայտնաբերվել էր: Մասնավորապես վերը նշված տարածքների ուսոումնասիրություններից ակնհայտ էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան և Ավետիսյանների տունը միմյանցից գտնվում են նվազագույնը 2-3կմ հեռավորության վրա, իսկ որոշ երթուղիներով նույնիսկ՝ 4-5 կմ հեռավորության վրա: Բացի այդ, բոլոր հնարավոր երթուղիներն էլ բավականին բարդ են և տարածքին անծանոթ անձի համար գրեթե անհնար կլիներ հատուկ նպատակով ինքնուրույն գնալ հենց այդ տուն: Այս առումով նաև կասկած են հարուցում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր Պերմյակովը նշված տուն է մտել ջուր խմելու համար, քանզի նախքան նշված տուն հասնելը, այդ ողջ ճանապարահատվածում առկա են բազմաթիվ այլ բնակելի տներ, առավել ևս մթերային կրպակներ»,-նշեց Երեմ Սարգսյանը, ում կողմից  տարածքի ուսումնասիրության ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել Ավետիսյանների տան անմիջապես դիմացը՝ երկու այլ տների միջնամասով անցնող նեղ ճանապարհը, որն այնուհետև միանում է ընդհանուր ճանապարհին և որն էլ ուղիղ գծող շարունակելու դեպքում հատվում է երկաթգծի հետ:

«Առավել հետաքրքրական էր, որ նշված երկաթգիծն անմիջապես անցնում է Երազգավորս և Բայանդուր գյուղերով: Այսինքն՝ չի բացառվում, որ տարածքին անծանոթ Վ.Պերմյակովը Բայանդուր գյուղ հասնելու համար որպես ուղենիշ վերցրած լինի հենց երկաթգիծը: Ուշադրության է արժանի է նաև այն փաստը, որ երկաթգծով մինչև Բայանդուր գյուղ հեռավորությունը կազմում է մոտ 13կմ, իսկ մայրուղիով՝ մոտ 28 կմ:

Հարկ եմ համարում նշել նաև, որ Երազգավորս գյուղում գտնվող հայ-թուրքական սահմանին հարակից՝ սահմանապահների կողմից սահմանը վերահսկելու համար նախատեսված առաջին աշտարակը, որի մոտ էլ, ըստ տեղեկությունների, հայտնաբերվել և ձերբակալվել է Վ.Պերմյակովը, երկաթգծից գտնվում է մոտ 1,1 կմ հեռավորության վրա և անզեն աչքով տեսանելի է երկաթգծից:  Իսկ առավել մեծ ուշադրության է արժանի այն փաստը, որ չնայած որ երկաթգծով դեպի Բայանդուր գյուղ՝ դեպքի հայ-թուրքական սահման գնալիս ճանապարհին առկա են նաև նմանատիպ այլ աշտարակներ, սակայն վերը նշված աշտարակը, որտեղ հայտնաբերվել է Վ.Պերմյակովը, առաջինն է, որը երկաթգծով շարժվելիս տեսանելի է անզեն աչքով»,-նկատեց փաստաբանը:

Այս ամենից ելնելով, Երեմ Սարգսյանի խոսքով, կարելի է մի քանի վարկածներ առաջ քաշել, մասնավորապես, որ Վ.Պերմյակովն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նախապես իրազեկված է եղել այդ կողմնորոշիչների մասին և, հետևաբար, Ավետիսյանների տանից դուրս գալուց հետո կարող էր անմիջապես դիմացի նեղ ճանապարհով ուղիղ գնալ մինչև երկաթգիծ, այնուհետև դեպի աջ թեքվելով, երկաթգծով ուղիղ գնար այնքան ժամանակ՝ մինչև իր աջ կողմում կտեսներ նշված աշտարակը կամ կարող էր դուրս գալ մայրուղի և որևէ տրանսպորտային միջոցով, այդ թվում՝ տաքսիով  հասնել նշված աշտարակի մոտ:

Ուստի, հավասարապես չբացառելով Ավետիսյանների տունը դիտավորյալ կամ պատահական ընտրված լինելու, ոտքով կամ տրանսպորտային միջոցներով նշված տուն գնալու և այնտեղից հեռանալու վերաբերյալ բոլոր վարկածները, ինչպես նաև սույն քրեական գործի համար էական այլ հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզաբանման նպատակով, փաստաբանը միջնորդել է.

«Ձեռնարկել անհրաժշետ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պարզելու, թե Վ.Պերմյակովը ռազմաբազայի տարածքից մինչև Մյասնիկյան 188-րդ տուն և այնտեղից դեպի Երազգավորս՝ հայ-թուրքական սահմանին հարակից հատված, կոնկրետ ո՞ր երթուղիներով է գնացել,  ոտքո՞վ է գնացել, թե՞ որևէ տրանսպորտային միջոցով:

-Այդ նպատակով ի թիվս այլ գործողությունների, նաև օպերատիվ հարցումներ կատարել Գյումրիում և հատկապես ռուսական ռազմաբազայի տարածքում տաքսի ծառայություններ մատուցող անձանց շրջանում և ինչպես նաև հարցաքննել նրանց:

-Առավել մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել ՀՀ-ում Վ.Պերմյակովի հնարավոր հարազատական կամ ընկերական կապերը, ինչպես նաև, թե ռազմաբազայի զինծառայողներից՝ շարքային և սպայական անձնակազմից ում հետ է նա առավել մտերիմ եղել, նրանցից ովքեր են այդ օրը որևէ օրինական կամ անօրինական հիմքով գտնվել զորամասից դուրս, ապա նաև ստուգել նրանց հնարվաոր կապն ու առնչությունը կատարված հանցագործությանը:

2.Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, հարցաքննություններրի և այլ  գործողությունների միջոցով պարզել՝ 2015 թվականի հունվարի 12-ին Վ.Պերմյակովից բացի որևէ այլ զինծառայող կամ զինծառոյողներ ինքնակամ լքել են ռուսական ռազմաբազայի տարածքը, թե ոչ: Եթե այո, ապա պարզել, թե որտեղ են գտնվել այդ ընթացքում և ինչ են արել, ինչպես նաև ստուգել նրանց հնարավոր կապն ու առնչությունը կատարված հանցագործությանը:

3. Համապատասխան հարցումներով և քննչական գործողությունների միջոցով պարզել` 2015թ. հունվարի 12-ի գիշերը Գյումրի-Երևան ուղղությամբ գնացք գործել է, թե` ոչ, եթե այո, ապա` ո՞ր ժամին է այն անցել Ավետիսյաննների տան հարակից հատվածով և ո՞ր ժամին` Երազգավորս և Բայանդուր գյուղերով /նկատի ունենալով, որ Վ.Պերմյակովը կարող էր նաև գնացքով հասնել հայ-թուրքական սահմանի հարակից հատված/:

4. Քանի որ որոշ լուրեր են շրջանառվել այն մասին, որ հիմնականում ռուսական ռազմաբազայի հարակից տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդներից մեկը դեպքի օրը ծառայություն է մատուցել նաև Վ. Պերմյակովին, իսկ որոշ լուրերի համաձայն` նաև այդ մասին տեսանյութեր են հրապարակվել «Ցայգ» և «Շանթ» հեռուստաընկերություններով, ուստի ձեռնարկել համապատասխան գործողություններ այդ լուրերի իսկությունը ստուգելու նպատակով, այդ թվում` վերը նշված հեռաուստաընկերություններից պարզել նմանատիպ տեսանյութերի առկայությունը, իսկ առկայության դեպքում նաև առգրավել դրանք և ձեռնարկել համապատասխան գործողսություններ այդ տեղեկատվության աղբյուրը պարզելու և հապատասխան տաքսու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

5. Համապատասխան գործողությունների միջոցով պարզել` ՀՀ-ում զինծառայության ընթացքում Վ.Պերմյակովը որևէ պատճառով, այդ թվում` ծառայության բերումով այլ զինծառայողների հետ վարժանքների նպատակով Գյումրու Մյասնիկյան փողոցում կամ Բայանդուր, Երազգավորս գյուղերում, հատկապես սահմանին հարակից հատվածում, եղել է, առավել ևս նշված տարածք գնացքով ուղևորվել է, թե ոչ:  

6.Անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միոջոցով պարզել` դեպքի հնարավոր ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում կամ ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն տանող հնարավոր ճանապարհներին գտնվող որևէ բնակելի տուն, խանութ կամ այլ օբյեկտ մուտք գործելու, դրանց դռները կամ պատուհաններն ապօրինի բացելու և վնասելու փորձեր եղել են, թե ոչ: Նշվածը ստուգել նաև օպերատիվ ճանապարհով, քանի որ չի բացառվում, որ այդպիսի դեպքեր եղած լինեն, սակայն համապատասխան տեղեկատվություն ոստիկանությանը տրամադրված չլինի»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին