Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Վերջին օրերի երեւանյան կրկեսը ստվերեց ոչ միայն Գյումրվա սպանդը եւ Բերձորի ջարդը, այլ նաեւ հեռավոր թվացող, բայց իրականում մեզ անմիջապես վերաբերվող ռուս-ուկրաինական պատերազմը, որից կախված են ե`ւ Գյումրիի ու Բերձորի քննությունը, եւ դրանց կրկնության հավանականությունը ողջ Հայաստանում:
Երեք օր առաջ Մինսկուն կնքված զինադադարից ու բանակցություններից հետո, որոնց մասնակցում էր անձամբ Պուծինը, ռուսական "ոչ-պաշտոնական" զորքը` նորագույն տանկերով, թնդանոթներով ու հրթիռային զենքով զինված, գրավեց ուկրաինական Դեբալցեվո քաղաքը, սպանելով տասնյակ, գերի վերցնելով հարյուրավոր ու տեղահանելով հազարավոր ուկրաինացիներին: Մենք դա վերջին անգամ սեփական մաշքի վրա ենք զգացել 1992 թվականի հունիսին, երբ ռուսական զորքը հայաթափեց Գետաշենը եւ Շահումյանի հետ միասին հանձնեց այն Բաքվին: Այն, որ ողջ աշխարհը ուկրաինական այս մղձավանջից հստակ հետեւություններ է անում եւ ավելի ուժեղ է ձգելու Կրեմլի վզին գցած պարանը ` պարզ է: Սակայն մեզ համար մեր կյանքի մնացած ժամանակում կարեւոր է սեփական եզրակացություններ անել:
Առաջինը` պուծինյան իշխանությունը մահաբեր է մեր պետականության համար: Երկրորդը` նրա հետ ստորագրված ցանկացած պայմանագիրը չարժե անգամ դրա թղթի գինը: Երրորդը` ՀՀ եւ ԼՂՀ համար մեծագույն սպառնալիք է ներկայացնում ոչ թե Ադրբեջանը, որին զինում է այսօր Մոսկվան, եւ անգամ ոչ թե Թուրքիան, որին Մոսկվան նվիրել էր մեր տարածքները մեկ դար առաջ, այլ ռուսական 102-րդ ռազմաբազան, որի օլիգոֆրեն մանյակները ցանկացած պահին պատրաստ են թիկունքից զավթել մեր Հայրենիքը: Մեկ տարի առաջ հենց այդպես սկսվեց Ուկրաինայի զավթումը Ղրիմում` տեղի ռուսական ռազմաբազայի ուժերով: Չորրորդը` կայսերական գաղութացման առավել վտանգավոր ու վնասաբեր գործիքն այսօր հանդիսանում է ռուսական պետական հեռուստատեսությունը, որի ստահոդ, սադրիչ ու մարդատյաց քարոզչությունը գերազանցել է գեբելսյան նախադեպը եւ օրնիբում թունավարում է մեր ազգակիցների ուղեղներն ու հոգին, բարոյազրկելով ու ստրկացնելով հայությունը: Մեր պետականության եւ ազգի անվտանգությունը, հոգեկան հանգիստն ու ֆիզիկական առողջությունը պաշտպանելու համար խիստ անհրաժեշտ է անմիջապես արգելափակել այդ թշնամական եւ մարդատյաց քարոզի հեռարձակումը Հայաստանի ողջ տարածքում: Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, Գյումրին ու Բերձորը ասածիս մռայլ ու մշտական ապացույցներն են: