Ընդդիմության ամենահայտնի արտահայտություններից մեկը հնչում է այսպես. «Պայքարում ենք իշխանության դեմ` հանուն իշխանության»: Այս դրույթը ձեզ կասկածելի չի՞ թվում: Ի՞նչ է նշանակում` պայքարում ենք իշխանությունների դեմ իշխանության հասնելու համար:
Առհասարակ հանուն իշխանության պայքարում են ոչ թե իշխանության դեմ, այլ` անիշխանության:
Իրականում ընդդիմությունը պետք է ասի, որ պայքարում է իշխանության ձևավորման մեխանիզմների դեմ, կամ իշխանության գործելաոճի դեմ: Իրականում այս երևույթներն են, որ դժգոհություն են առաջացնում քաղաքացիների մոտ և ընդդիմության հիմնական թիրախն են: Իսկ այն հիմքը, որը հնարավոր է դարձնում իշխանությունների` դժգոհություն առաջացնող գործելաոճը և այդպիսի իշխանությունների ձևավորման մեխանիզմը, քաղաքական կառույցն է: Ուրեմն, լինել ընդդիմություն նշանակում է պայքարել քաղաքական մեծամասնություն կամ մենիշխանություն ունեցող քաղաքական ուժի դեմ:
Հայաստանում իրենց ընդդիմադիր հայտարարող քաղաքական բոլոր ուժերը պետք է պատասխանեն այն հարցին, թե ով է իրենց քաղաքական հակառակորդը: Մյուս բոլոր ուժերը` այլընտրանք, երրորդ տարբերակ կամ ուրիշ ինչ-որ բան, պարզապես քաղաքական պայքարի կողմ չեն և չեն կարող համարվել ընդդիմություն, քանի դեռ չեն հայտարարել, թե ում դեմ են պայքարում և ինչի համար:
Եվս մի խնդիր կա` կապված ընդդիմության հետ: Բանն այն է, որ հայտարարելով պայքար իշխանության դեմ, ընդդիմությունը մոռանում է, որ ինքն էլ հաճախ այդ իշխանության մաս է` ավագանիներում, տեղական ինքնակառավարման այլ մարմիններում կամ ԱԺ-ում: Ուրեմն, նրանք չեն կարող պայքարել իշխանության դեմ առհասարակ, քանի որ իրենք հաճախ այդ իշխանության մաս են: Իրենք կարող են պայքարել կամ այդ իշխանության ձևավորման մեխանիզմների և իշխանության գործելաոճի դեմ, կամ այդ իշխանության մեծամասնության դեմ: Իսկ թե մեխանիզմների և գործելաոճի, թե մեծամասնության հիմքը քաղաքական կառույց է` որևէ կուսակցություն:
Ուրեմն, քաղաքական պայքարը ծավալվում է ոչ թե ընդդիմադիր կուսակցության և իշխանության, այլ երկու կամ ավելի կուսակցությունների միջև, որոնք պայքարում են իշխանության համար: