Սամվել Վարդանյանին տեղափոխել են ՔԿ։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Սամվել Վարդանյանի՝ դիմակավորված անձանց կողմից խոշտանգման ենթարկվելուց հետո, իրավապահ մարմինների հանդեպ վստահություն չկա, ուստի նրան ուղեկցել են թե՛ իրավապաշտպանները, թե՛ ընդդիմադիր պատգամավորները. երեկ այս մասին հայտարարություն էր տարածել Հայաստան խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը։
Նշենք, որ տեղում էին և Սամվել Վարդանյանին ուղեկցում էին նաև Երևանի ավագանում՝ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ներկայացուցիչները։
Քննչական կոմիտեում Վարդանյանը ցուցմունք է տալու։ Ըստ Մելիքյանի՝ հավանաբար նրան մեղադրանք կառաջադրվի ՔՕ 297 հոդված 1-ին մասով։
Դիտեք նաև՝
***
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձերբակալված Սամվել Վարդանյանին բռնության ենթարկելու դեպքը մեկ անգամ ևս փաստում է, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին խոսակցություն-հայտարարություններն անիմաստ զրույցներ են։
Մեզանում նորություն չեն քաղաքական հակառակորդներին կամ իշխանության սուր քննադատներին կալանավորելու, դատելու, ծեծի կամ խոշտանգման ենթարկելու դեպքերը։ Այսպես եղել է։ Այդպես էլ, ցավոք, շարունակվում է, որովհետև այսօր իշխանության եղածների համար իշխանավորի լավագույն օրինակներն իրենց նախորդներն են։ Այլ կերպ իշխանավարել նրանք չեն պատկերացնում։
Երկիրը, երկիր վարկը, անվերադարձ կորուստները, պատերազմը, պատերազմի վտանգը, հանրային համերաշխությունը նրանց չեն հետաքրքրում։ Նրանց սեփական աչքերում իրենց իշխանավոր լինելը հաստատելն ու այն ի ցույց դնելն է հետաքրքրում»։
***
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Յուրքանչյուր անգամ առնչվելով քաղաքական հետապնդման մտածում եմ, որ սա վերջն է, սրանից վատ լինել չի կարող։ Բայց ավաղ։ Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը դուրս է ամեն հասկացությունից, դուրս է անգամ դասական խոշտանգման հասկացությունից ու տրամաբանությունից։
Այդ զազրելի դեպքը Հայաստանը հետ է շպրտում նախնադարյան հասարակագ, թեպետ նախնադարյան հասարակարգերում այդպիսի բան դժվար թե պատահեր։
Ու գիտե՞ք ինչն է հատկանշական այդ բռնարարքին․ բռնության յուրաքանչյուր դեպք ունի իր սահմանները, սակայն սա աչքի է ընկնում իր հանդգնությամբ, սանձարձակությամբ, լկտիությամբ, հաբըռգածությամբ։
Այս դեպքը նպատակ է հետապնդում վախ ներշնչել հասարակությանը, ահ ու դող սերմանել նրանց մեջ, որպեսզի որևէ մեկը չհանդգնի շեղ նայել իշխանության որևէ ներկայացուցչի։
Այս դեպքը սև տառերով է գրվելու Հայաստանի պատմության մեջ, մտնելու է դասագրքեր՝ որպես խոշտանգման կատարելագործված եղանակ»։
|
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում միջադեպից հետո։
***
ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել․ «Իշխանական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի դաժան ծեծի և խոշտանգման սահմռկեցուցիչ միջադեպը ցույց է տալիս այսօրվա վարչախմբի իրական դեմքը. «ժողովրդավարական» Հայաստանում ոստիկանական մեքենայում ձեռնաշղթաներով ձերբակալվածների պահման վայր տարվող քաղաքացուն ուղեկցող ոստիկանները որոշ ժամանակ միայնակ են թողել՝ ճանապարհին կանգնեցրել են մեքենան և դուրս եկել: Այնուհետև մի խումբ դիմակավոր անձինք Սամվել Վարդանյանին քարշ տալով իջեցրել են մեքենայից, տապալել գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը և նետել ավտոմեքենայի մեջ: Դրանից հետո ուղեկցող ոստիկանները վերադարձել են, նստել ավտոմեքենան և հանգիստ շարունակել ճանապարհը։
Քաղաքական դրդապատճառներով բռնության և անօրինականության ֆոնին տեղի ունեցած այս աննախադեպ անօրինականության կապակցությամբ ՀՀԿ-ն վճռականորեն դատապարտում է իշխող կուսակցության պատգամավորի, խորհրդարանի տխրահռչակ խոսնակի և իրավակարգի պատասխանատուների գործողությունները։ Միջադեպը, երբ իշխող կուսակցության պատգամավորի հասցեին քննադատություն հնչեցրած երիտասարդը դարձել է ոչ միայն այդ պատգամավորի ֆիզիկական բռնության, այլև իրավապահ մարմինների և գործող վարչախմբի բանդայի կողմից դաժան հետապնդման և խոշտանգման զոհ, պահանջում է անհապաղ և բազմակողմանի քննություն:
Քաղաքական գործիչների հասցեին վիրավորական արտահայտություններ կարող են լինել ժողովրդավարական հասարակության մեջ։ Սակայն դրան ի պատասխան պատգամավորը ոչ միայն ֆիզիկական ուժ է կիրառել քաղաքացու դեմ, այլև իշխանության բարձր մակարդակում նրա գործողությունները հավանության են արժանացել, ինչը վկայում է իշխող վարչախմբի կողմից «իրավունք» և «ժողովրդավարություն» բառերի իմաստի յուրովի ընկալման մասին:
Պետության վերահսկողության տակ գտնվելու պայմաններում ձերբակալվածի վրա հարձակումը մարդու իրավունքների լրջագույն խախտում է և պետք է դառնա անկախ քննության առարկա: Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել այս ոճրագործությունը բացահայտելու և մեղավորներին խստորեն պատժելու համար:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ուշադրություն դարձնել մեր երկրում ժողովրդավարական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի աղետալի վատթարացմանը:
Հավատացե՛ք, եվրոպական արժեքների մասին խոսքը ոչինչ չարժե ձեր լռության պայմաններում: Բայց մենք ձեզանից միայն խոսքեր չենք ակնկալում, այլ որոշակի և հստակ գործողություններ, որոնք ուղղված լինեն մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հարգմանը: Իսկ քաղաքական պատասխանատվությունը տեղի ունեցածի համար ընկնում է բացարձակապես իշխող կուսակցության վերնախավի վրա»։
|