Երևանի քաղաքապետարանն արդեն 3-րդ անգամ ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ է հայտարարել` 23 ավտոբուսային և մեկ միկրոավտոբուսային երթուղիների համար:
Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Նախորդ 2 մրցույթները չեն կայացել` բավարար հայտեր չլինելու պատճառով:
Մեր զրուցակցի խոսքով`
«Առաջին անգամ հայտարարված մրցույթին ներկայացվել էր ընդամենը մեկ հայտ: Այն էլ մերժվեց բացառապես այն պատճառով, որ հայտատուն, որպես սպասարկման սակագին նշել էր 150 դրամ: Մեր կողմից հայտը մերժվեց, քանի որ արդեն կար քաղաքապետի կասեցման որոշումը: Երկրորդ անգամ հայտարարված մրցույթին որևէ մեկը հայտ չի ներկայացրել: Այժմ երրորդ անգամ ենք մրցույթ հայտարարել»:
Մրցույթի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 9-ն է:
Արթուր Գևորգյանի խոսքով` մինչ այս պահը որևէ հայտ չի ներկայացվել:
Ի պատասխան մեր հարցին, թե ո՞րն է պասիվության պատճառը, Արթուր Գևորգյանը նշեց.
«Այսօր ինքներդ էլ ականջալուր եք, որ դաշտում գործող տնտեսվարողները բողոքում են գործող սակագնից՝ ընդգծելով, որ այն չի բավարարում իրենց աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար: Թերևս նաև դրանով է պայմանավորված տնտեսվարողների կողմից մասնակցության հայտեր չներկայացնելը: Նրանց մասնակցությամբ ասուլիսներին հետևելով ու լսելով իրենց տեսակետները, եզրահանգում ես, որ նրանք վնասներ են կրում ու չեն պատրաստվում հավելյալ ներդրումներ կատարել: Արդեն նշվեց, որ 23 երթուղագծերն ավտոբուսային են: Ըստ այդմ, մրցույթին մասնակցության հայտ ներկայացնող ընկերությունները պետք է ապահովեն համապատասխան քանակով ավտոբուսներ, ընդ որում, նոր ավտոբուսներ, ինչը, բնականաբար, ենթադրում է ներդրումներ: Իսկ ներդրումները բնական է, որ պետք է վերադարձելիության երաշխիք ունենան: Իսկ դրա բացակայության դեպքում հասկանալի է, որ տնտեսվարողը, ըստ էության, գնում է չարդարացված ռիսկի,ինչի մասին էլ նրանք բազմիցս նշել են»:
Մեր հարցին, թե մտավախություն կա՞, որ երրորդ մրցույթին ևս հայտեր չեն ներկայացվի, մեր զրուցակիցը պատասխանեց.
« Ինչպես ասում են` հույսը վերջինն է մեռնում:Մինչև հոկտեմբերի 9-ը դեռ ժամանակ կա: Ի դեպ, վերջերս լրատվամիջոցների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նույն հարցի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օգտվելով առիթից, անձամբ իր հորդորը հղեց բոլոր տնտեսվարողներին և շահագրգիռ կազմակերպություններին, որ մասնակցեն այդ մրցույթներին»:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան