▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանի պատասխանը հանրահավաքի վերաբերյալ

Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունների գրության վերաբերյալ։

«2015 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունները գրություն են ներկայացրել Երեւանի քաղաքապետին, որում տեղեկացնում են փետրվարի 20-ին Ազատության հրապարակում` իրենց ներկայացմամբ շտապ հավաք անցկացնելու մասին:

Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է, որ, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում եւ անցկացվում է որեւէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով եւ այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում: Մինչդեռ գրության բովանդակությունից հետեւում է, որ հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի` դեռեւս փետրվարի 12-ի ելույթին արձագանքելու նպատակով:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հիշատակված դրույթի եւ գրության բովանդակության համադրումից ակնհայտորեն հետեւում է, որ գրության մեջ նշված իրադարձությանը ութ օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես շտապ հավաքի անցկացման հիմք:

Հետեւաբար, քաղաքապետին ներկայացված գրությունը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների պահանջներին եւ չի կարող համարվել տեղեկացում շտապ հավաքի մասին:

Երեւանի քաղաքապետարանը հարկ է համարում նաեւ նշել, որ իրազեկում պահանջող հավաքը շտապ հավաքի անվան տակ անցկացվելու դեպքում բացակայում է օրենքով սահմանված լսումներ իրականացնելու եւ պատմության եւ մշակույթի հուշարձան հանդիսացող Ազատության հրապարակում հավաքի անցկացման համար բեռնատարների մուտքը թույլատրելու ու հավաքի համար անհրաժեշտ պարագաներ տեղադրելու հարցով ՀՀ մշակույթի նախարարության կարծիքը ստանալու իրավական հնարավորությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին