▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո

Կալանքից ազատվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Sputnik Արմենիայի  հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ։ Եվ դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու։ Հանդիպումը կայացել է տանը» ,– ասաց Սողոմոնյանը։

Թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները, Սողոմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ զուտ անձնական հանդիպում է եղել։

Կալանքից ազատվելուց հետո Քոչարյանը նաեւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է այցելել` ընթացիկ բուժզննման:

 

 

 

 

 

«Առանձնապես պատճառ չկար, պարզապես ընթացիկ բուժզննում էր, քանի որ, գիտեք, մի քանի ամիս դրա հնարավորությունը չի եղել»,– ասաց Սողոմոնյանը` վստահեցնելով, որ Քոչարյանը առողջական լուրջ խնդիրներ չունի։

Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել ՀՀ երկրորդ նախագահի հետագա անելիքներին ու քաղաքական ծրագրերին վերաբերող հարցին` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Ռոբերտ Քոչարյանն ինքը հանդես կգա հայտարարությամբ։

«Չեմ կարող կոնկրետ ասել` ինչքան, բայց ոչ երկար ժամանակ հետո, կարծում եմ, ինքը հնարավորություն կունենա իր պլանների, ասելիքների, ծրագրերի մասին հայտարարելու` կա՛մ լրագրողների հետ շփվելու միջոցով, կա՛մ ելույթների, հրապարակումների միջոցով»,– ասաց Սողոմոնյանը։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ երկրորդ նախագահը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, բացի այդ` տանը ընդունել է ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչներին, այդ թվում` Սերժ Սարգսյանին։

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով` Արցախի գործող ու նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ։

Մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին