▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի` Սևաստոպոլից ուժերի դուրսբերումն օգուտ է Թուրքիային, վնաս` Հայաստանին.Թուրքագետ

Ղրիմում ստեղծված իրավիճակի, Թուրքիայի ակտիվության,  ռուս-թուրքական հնարավոր պատերազմի և այլ հարցերի շուրջ  ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է թուրքագետ  Գևորգ  Պետրոսյանի հետ:

Գևորգ, վերջերս «Հյուրիեթ» թերթը հոդված էր տպագրել, համաձայն որի` եթե Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը հայտարարի իր անկախության մասին, ապա կհայտնվի թուրքական  ենթակայության  ներքո: Եվ, եթե Ղրիմը ցանկանա  միանալ Ռուսաստանին, անհրաժեշտ կլինի փաստացի անկախանալ Կիևից: Եվ հենց այդ պահին, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նշված է հոդվածում, Թուրքիան կարո՞ղ  է Ղրիմը վերցնել իր հսկողության ներքո:

-Թուրքիան Ղրիմի հարցում փորձում է ակտիվություն ցուցաբերել՝ պաշտոնական մակարդակով օգտագործելով Ղրիմի թաթարների խաղաքարտը, իսկ հասարակական մակարդակով ` նախկին պայմանագրերի մասին հիշատակումները, ինչպես նաև Թուրքիայում գործող Ղրիմի թաթարների կազմակերպություններին։

Ակնհայտ է, որ Անկարան այժմ փորձում է իրավիճակն օգտագործել Ղրիմում ամրապնդվելու համար՝ միևնույն ժամանակ հստակ ցույց տալով, որ սկզբունքորեն դեմ է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում հայտնվելուն։

Ղրիմի ռազմավարական կարևոր դիրքը չի կարող անտարբեր թողել Թուրքիային, չէ՞ որ մոտ 3 դար այն եղել է Օսմանյան կայսրության կազմում, ռուսների դեմ դարերով արյունալի պատերազմներ են մղվել այդ տարածքի համար, իսկ 1783 թվականին Ռուսաստանի կայսրության կազմում ընդգրկվելուց հետո էլ Ղրիմի թաթարներն աչքի են ընկել թուրքամետությամբ, ինչն էլ պահպանվել է մինչ օրերս։

Արդեն մի քանի դար է, ինչ Ղրիմի համար պայքարը շարունակվում է, իսկ Սև ծովում այժմ Ռուսաստանի գլխավոր մրցակիցն իր ներուժով, իհարկե, Թուրքիան է։

Այն պայմանագիրը, որը փորձում են հիշել թուրքերը, կնքվել է դեռևս 18-րդ դարի վերջին, այն թուրքերն իրենք են խախտել կնքումից հետո, ինչի հետևանքով էլ այն կորցրել է ուժը, բացի այդ, դրա վրայով երկար «ջրեր են հոսել»։ Ներկա իրավիճակում դրա մասին լրջորեն խոսելը, կարծում եմ, իրատեսական էլ չէ, սակայն, ամեն դեպքում, թուրքական մեդիադաշտը հիշում և հիշեցնում է այդ մասին։

Ներկայում պայմանագրերից առավել թուրքերի համար Ղրիմի թաթարներն են կարևորություն ստանում, որոնց միջոցով էլ Անկարան փորձում է լուծել իր խնդիրները, որոնցից ներկա փուլում կարևորագույնը Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում չընդգրկելու գործընթացն է, որը չի բխում Թուրքիայի շահերից, իսկ ահա Ռուսաստանի ուժերի դուրսբերումը Սևաստոպոլից  միայն և միայն թուրքերի օգտին է, քանի որ այն զգալի գերակայություն կստանա Սև ծովում, ինչը չի բխում նաև Հայաստանի շահերից՝ հաշվի առնելով, որ Սև ծովով են կատարվում մեր բեռնափոխադրումների զգալի հատվածը։

Նշեցիք, որ պայմանագիրը թուրքերն իրենք են խախտել կնքումից հետո: Ինչպե՞ս  է  այն կորցրել իր ուժը:

Ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո 1774 թվականին կնքվեց Քյուչյուք Քայնարջիի պայմանագիրը, որով էլ Ղրիմի խանությունը, որը շուրջ 3 դար Օսմանյան կայսրության վասալն էր, համարվում էր անկախ, իսկ այն գրավելու դեպքում Ղրիմը պետք է անցներ օսմանների ենթակայության տակ: Այս պայմանագրից հետո օսմանյան զորքերը ներխուժեցին Ղրիմ, ինչն արգելված էր պայմանագրով, որից հետո այն ուժը կորցրած համարվեց, իսկ 1783 թվականից Ղրիմն արդեն ամբողջովին անցավ Ռուսաստանի կայսրության ենթակայության տակ, որից հետո նոր պայմանագիր կնքվեց:

Իրատեսական համարո՞ւմ եք ռուս-թուրքական պատերազմը:

Թուրք-ռուսական պատերազմը ներկա փուլում իրատեսական չեմ համարում: Ամեն դեպքում, նավատորմի տեսանկյունից կարծում եմ` ներկայում Թուրքիան որոշակի առավելություն ունի, նախ սուզանավերի թվով, ապա ավելի ժամանակակից  նավերի  թվով: Իսկ որ կարևորն է` այն տիրում է Բոսֆորին և Դարդանելին, բացի այդ` Սև ծով կարող է հասցնել Էգեյան և Միջերկրական ծովի ռազմանավերը, իսկ Ռուսաստանը նման արագ արձագանքելու հնարավորություն չունի, սակայն պաշտպանական տեսանկյունից ռուսական կողմը բավական ուժեղ է, ինչպես նաև ունի մեծ ջրատարողության ավելի մեծ թվով նավեր:

Ճիշտ է, այս տարբերակն իրատեսական չեմ համարում,  բայց,  ընդհանրապես, բացառել պետք չէ: Օրինակ, ո՞վ կարող էր 3-4 ամիս առաջ ասել, թե Ուկրաինայի տարածք ռուսական զորքեր մուտք կգործեն:

Որքա՞ն  թաթար է ապրում Ղրիմում:

Ղրիմում վերջին տվյալներով բնակվում է մոտ 250 հազար Ղրիմի թաթար, որը թերակղզու ընդհանուր բնակչության շուրջ 12-15 տոկոսն է: Թուրքիայում նրանց թիվը հաշվվում է մոտ 100-150 հազար մարդ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին