Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ՝ կից հաղորդագրությունում նշելով, որ Ռուսաստանից ստացել են զինտեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակը: Հրապարակված տեսանյութում երևում են ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի МО.1.01.04М արդիականացված հրթիռներ:
Հրապարակված լուսանկարներում և տեսանյութում երևում է առնվազն 200 միավոր նման հրթիռ:
Ադրբեջանին մատկարարված հրթիռների մարտավարատեխնիկական բնութագիրը՝
- Տրամաչափը՝ 220 մմ,
- Զանգվածը՝ 217 կգ,
- Առավելագույն հեռահարությունը՝ 6000 մ,
- Նվազագույն հեռահարությունը՝ 1600 մ:
Ավելացնենք, որ Ադրբեջանը ՏՕՍ-1Ա հրանետները (արձակման կայանները) գնել է դեռևս 2011-2013 թվականներին կնքված պայմանագրերով: Արդեն 2016 թվականին այս համակարգերը հայկական բանակի դեմ կիրառվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ:
Նշենք, որ Հայաստանը նույնպես գնում է այս հրանետներից: Ռուսաստանից ստացած 200 մլն դոլար վարկով գնվող սպառազինության մեջ նշված է նաև հենց այս զինատեսակը:
Նյութի աղբյուրը՝ razm.info