Համացանցային նոր քննարկման թեման «Գլուխը կախ տղան» գիրքն է` հատկապես խոզուկի մասին հատվածը: Ֆեյսբուքյան օգտատերերն այս կապակցությամբ մտավախություն էին հայտնել, քանի որ, մեղմ ասած, սերունդներ դաստիարակելու համար լավագույն ձեռնարկը չէ: Նրանցից մեկը` Բաբկեն Թունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «խոզուկին» գրել է.
«Երևի խոզուկը այս հեղինակի «բանաստեղծությունները» կարդալուց է սատկել։ Մարդ զարմանում է՝ երեխեքի համար սենց բաներ գրող մարդիկ մարմնի որ մասով են մտածում»։
Գրքի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել նաև Զոհրապ Եգանյանը.
«Ես գնալով սկսում եմ կարծել, որ Հայաստանում ամենաբարդ գործը կրթության նախարար լինելն է, երբ ով ինչ գիրք ուզի կարող է հրատարակել ու սերունդ դաստիարակել: Խնդրեմ՝ հերթական տաղանդավոր մանկական գիրքը»:
Բողոքի մեծ ալիք էր ուղղված էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է աղմուկ բարձրացրած գրքին.
«Գրախանութներում ներկայացված գրականության մեծ մասը, այդ թվում` «Գլուխը կախ տղան» գիրքը (հեղինակ Հենրիկ Սևան), ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից որպես ուսումնաօժանդակ նյութ չի երաշխավորվել և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այս գրքի հրատարակման և տարածման հարցում որևէ պատասխանատվություն չի կարող կրել:
Ես հրատարակիչներից ակնկալում եմ ավելի գրագետ մոտեցում ցուցաբերել ընթերցողներին՝ գեղարվեստական գրականություն առաջարկելու հարցում:
Միևնույն ժամանակ, կոչ եմ անում բոլոր ծնողներին` իրենց երեխաների համար գրքեր ընտրելիս ուշադրություն դարձնեն ոչ միայն ձևավորմանը, այլ, առաջին հերթին, բովանդակությանը»: