▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեֆիլյանի հարցով կդիմեն միջազգային ատյաններին ու կփորձեն կարգի հրավիրել ՀՀ իշխանություններին

Տեղեկացրել էինք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի հինգ ամսվա ազատազրկման: Դատավորն ամբողջությամբ ապացուցված էր համարել այն, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման: Դատավորը, սակայն, հաշվարկեց մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի արդեն կրած երկու տարվա պատժաչափը: Այսինքն՝ Գևորգ Սաֆարյանն, ըստ էության, դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման: Այս գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Եգորյանը այսօր հանդիպեցին լրագրողների հետ ու հայտնեցին, որ պատրաստվում են դիմել միջազգային ատյաններին.

«Սեֆիլյանի նկատմամբ իրականացվել է բացահայտ քաղաքական հետապնդում: Նա ենթարկվում է անձնավորված հետապնդման: Դատավճիռը գրեթե ամբողջությամբ մեղադրական եզրակացության կրկնօրինակն էր: Դատավորը որևէ ջանք չէր գործադրել՝ համապատասխան տեքստ ու բովանդակություն ներկայացնելու համար: Դատավճռի մեջ չկա որևէ վերլուծություն, գրեթե բացակայում է պատճառաբանությունը: Կոնկրետ Ժիրայր Սեֆիլյանի դեպքում մնացել են այն ենթադրությունները, որոնք ներկայացվել էին նախաքննության ժամանակ, առաջադրված մեղադրանքում: Առանց որևէ պատճառաբանության դատարանը ՀՀ անունից կայացրել է դատական ակտ»,-ասաց Արայիկ Պապիկյանը:

Պաշտպանն ասաց, որ ՀՀ դատական մարմիններից որևէ ակնկալիք չունեն.

«Չկա այն դատական համակարգը, որից կարող ենք արդարադատություն պահանջել՝ հատկապես Սեֆիլյանի և մյուսների գործով: Ուստի, ցանկություն ու մտադրություն ունենք սպառել ներպետական բողոքարկման հնարավոր միջոցները և միջազգային ատյաններում բողոքարկել ու կարգի հրավիրել ՀՀ իշխանություններին, որպեսզի դադարեցնեն այս ամենը»,-նշեց  Արայիկ Պապիկյանը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին