Ըստ երեւույթին, ժամանակը կգա եւ Սերժ Սարգսյանը կխոսի։ Այս մասին այսօր Ծեծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե Սերժ Սարգսյանն ինչու էլի չխոսեց, չպատասխանեց լրագրողների հարցերին։
armtimes.com-ն է գրում այդ մասին և նշում, որ հարցին, թե երբ է գալու խոսելու ժամանակը, Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենց համար ամեն օր է ժամանակը։
Լրագրողի դիտարկմանը, թե՝ Սերժ Սարգսյանը հնարավոր է՝ չի խոսում, որովհետեւ դեռ մտածում է, որ սխալ է, Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում։ Ի պատասխան՝ լրագրողն ասաց, որ անձամբ Սարգսյանն է հայտարարել, որ սխալվել է, Սահակյանն էլ ասաց, որ չի հայտարարել։ Լրագրողը հարցրեց՝ չի՞ կարդացել նրա հրաժարականի տեքստը, ինչին էլ Սահակյանը պատասխանեց․
«Ես կարծում եմ՝ հարկավոր է՝ հայկական ալեգորիաները, մոտեցումները կարողանաք տիրապետել, որ մտածեք՝ ով ինչ է անում, ինչ սկզբունքով»։
Մեկ այլ հարցի՝ Սահակյանը հետեւո՞ւմ է ներկա խորհրդարանի աշխատանքին, ԱԺ նախկին նախագահն ասաց, որ չի նայում, որովհետեւ կարծում է՝ դեռ խորհրդարան չէ․ «Երբ կդառնա խորհրդարան, կնայեմ անպայման։ Բոլոր ներկաները, մեծ մասը, ժողովուրդը ընտրել է Նիկոլին, իրանք եկել են խորհրդարան, հիմա պետք է տեսնենք՝ էս մարդիկ քաղաքականության հետ ոնց են վերաբերվում եւ ինչպես են արտահայտում իրենց մտքերը»,-ասաց Սահակյանը։