armlur.am-ը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Բաղրամյան 26-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը կրկին ուժեղացվել է: Հատկապես խստացման դրսեւորումները առավել ակնհայտ են երեւացել Սերժ Սարգսյանի կողմից մի շարք գերատեսչություններ այցելելու ընթացքում:
Այն, որ 2015 թվականից ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀՀ պետական կառույցներում, գաղտնի չէ ոչ ոքի: Այդ իրավիճակը ուներ իր հիմնավոր պատճառները. Նորք-Մարաշում ԱԱԾ-ն վնասազերծեց «հանցավոր խումբ», որի պարագլուխն էր «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը: Ըստ ԱԱԾ-ի` Արթուր Վարդանյանի գլխավորած խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը: Ավելին՝ Արթուր Վարդանյանին հաջողվել է գաղտնի նկարահանել Սերժ Սարգսյանի այցերից մեկը, իսկ ահա հայտնաբերված զինված խումբը քննարկել է Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու հարցը:
2016 հունիսի 21-ին, երբ Հայաստան այցելեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, նախորդ օրը ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ պարզվել էր, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը:
Սակայն այս բացահայտումը եւս չհանդարտեցրեց գործող իշխանության նկատմամբ կուտակված ագրեսիան: Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավեցին ոստիկանության ՊՊԾ գունդը, զոհվեցին ոստիկանության 3 աշխատակիցներ, վիրավորվեցին նաեւ խմբի անդամները: Նրանք եւս իրենց հերթին մի շարք պահանջներ ներկայացրին, որոնցից առաջնայինը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր:
2017 թվականի հունվարին գրել էինք, որ ՀՀ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն է ստացել այն մասին, որ Սերժ Սարգսյանի դեմ մի նոր հարձակման փորձ է ծրագրվել, ինչից հետո Սերժ Սարգսյանը ԼՂՀ ու Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով, որին ուղեկցում են կործանիչ եւս երկու ուղղաթիռներ: Սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, Սերժ Սարգսյանի դեմ հնարավոր հարձակման վտանգը չի չեզոքացվել, քանի որ վերջին շրջանում նրա կողմից տարբեր գերատեսչություններ այցելության ժամանակ խիստ հսկողություն է իրականացվել: Մասնավորապես սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում, որի ժամանակ անգամ նախարարներին էին ստիպել հավաքվել ՀՀ կառավարության շենքի մոտ եւ համապատասխան «վնասազերծված» ավտոբուսներով գնալ ՊՆ: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ այդ օրը Սերժ Սարգսյանի անվտանգությունը հրահանգել էր, որ նախարարության ապակիները փակեն, որպեսի դրսից չերեւա, թե նախարարությունում ինչ է կատարվում:
Նույն հրահանգը իջեցվել նաեւ Սերժ Սարգսյանի մի շարք գերատեսչություններ այցելելու ընացքում եւս:
Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին գնացել էր ՀՀ քննչական կոմիտե, հոկտեմբերի 23-ին այցելել էր ՀՀ ոստիկանություն, իսկ ահա հաջորդ օրը՝ ՀՀ պաշտպանության նախարարություն: Բոլոր տեղերում նկատելի է եղել նրա նկատմամբ խիստ հսկողությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում