Մ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Միհրան ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. Ապրիլի 23
Երևան
ՆՀ- 305 -Ա
Հիշեցնենք, որ օրեր առաջ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել և հետևյալ բովանդակությամբ հայտարարություն էր տարածել. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»: