Տեղյակ եք, անշուշտ, որ Արցախի գազատարի առաջին պայթյունից հետո մարտի 10-ին Հայաստանին է փոխանցվել հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման 5-կետարոց առաջարկ. Մենք շատ արագ մարտի 14-ին գրավոր արձագանքելն ենք այդ առաջարկներին եւ դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ու խնդրել ենք աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ մարտի 21-ին Հայաստանի ԱԳ նախարարը բարձրաձայնեց Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին: Այդ գնահատականը հետևյալն է՝ մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փոխանցված մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը ու, հետևաբար, այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին: Այս դիրքորոշման օրը երեկոյան Ադրբեջան փակում է Արցախին մատակարարող գազատարը: Ուշադրություն դարձրեք, որ հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը: Սա ամենամեծ ապացույցն է, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, թե իրենց այս հայտարարութունից դժգոհ է հայաստանյան արմատական ընդդիմությունը, որոնք քննադատում են իրենց, թե համաձայնել են տարածքային ամբողջականության սկզբունքը ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք. «Այս քննադատությունն առավել քան տարօրինակ է, որովհետև 1999 թվականի նոյեմբերի 19-ի ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովից Երևան վերադարձած ու տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է. «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք ու մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունքը հարգելու համար»:
Նրանից հետո Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին՝ որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը, այնպես որ՝ այստեղ որևէ շահարկում տեղին չէ: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր ու հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է ու մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետև, ինչպես իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը՝ «մենք ֆաշիստ չենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: