▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկզբում սպանությունը պատվիրել են, հետո անձամբ են կյանքի կոչել. նոր մանրամասներ՝ Վանաձորի երկու բնակչի սպանության գործով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում նույն քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Լոռու մարզի չորս բնակչի ուղղությամբ եւ դիմել փախուստի: Հրազենային  մարմնական վնասվածքներ ստացած նշված անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոն, որոնցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ծնված 1990թ., ճանապարհին մահացել են:

Տեղեկացրել էինք նաեւ, 2020թ. մարտի 7-ին Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը Լոռու մարզի բուսաբանական ինստիտուտի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով  վիճաբանել, ապա հարվածներ է հասցրել իր համաքաղաքացուն: Այնուհետեւ՝ ընկերոջ հետ միասին, իր «Տոյոտա Լենդ Քրուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել եւ Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում գետնին է գցել նրան, ձեռքերով, ոտքերով, այնուհետեւ նաեւ դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քրեական գործով կատարված խուզարկության արդյունքում  նրանցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր ատրճանակ, 9 փամփուշտ, 2 նռնակ, ինչպես նաեւ՝ ապօրինի պահվող խոշոր չափերով՝ 60,74 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 2 բնակիչների սպանությունը նույնպես կատարվել է վերը նշված 40-ամյա տղամարդու կողմից:

Նկատի ունենալով, որ նշված հանցագործությունները առերեւույթ կատարվել են նույն անձի կողմից՝ որոշում է կայացվել՝ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնելու եւ նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 64-ամյա բնակիչը նույն քաղաքի 30-ամյա բնակչին եւ նրա ընկերներին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2019թ. նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, 28-ամյա երիտասարդին տրամադրելով ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահած «ԱԿ-74» ինքնաձիգ եւ փամփուշտներ, հանձնարարել է փնտրել նրանց: Իսկ նրա 40-ամյա որդին, Վանաձորի 30-ամյա բնակչի եւ նրա ընկերների հետ նախկինում  տեղի ունեցած վիճաբանության պատճառով վերջինիս հետ գտնվելով լարված, անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ, օժանդակել է հորը եւ 2019թ. դեկտեմբերին 28-ամյա երիտասարդին եւ Վանաձորի 19-ամյա բնակչին իր «Գազել» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Վանաձոր քաղաքի ռեստորաններից մեկի հարակից տարածք, որպեսզի վերջինիս օժանդակությամբ 28-ամյա երիտասարդն իրականացնի նշված անձանց սպանությունը:

Սակայն հոր եւ որդու կամքից անկախ հանգամանքներով նշված անձանց սպանությանն ուղղված գործողություններն ավարտին չեն հասցվել, քանի որ 28-ամյա երիտասարդը, չկատարելով հիշյալ հանցագործությունը, ինքնաձիգն ու փամփուշտները վերադարձրել է 40-ամյա տղամարդու հորը:

Այնուհետեւ 40-ամյա տղամարդը նույն շարժառիթով վրեժխնդիր լինելու դիտավորությամբ, կրելով իր ու հոր տիրապետության տակ գտնվող «ԱԿ-74» նույն ինքնաձիգը՝ փամփուշտներով, 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Վանաձորի բնակիչներ՝ 56-ամյա տղամարդու եւ 19-ամյա երիտասարդի հետ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոց, որտեղ  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու առերեւույթ դիտավորությամբ,  նշված ինքնաձիգից կրակոցներ է արձակել 30-ամյա տղամարդու եւ նրա երեք ընկերների ուղղությամբ, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից նրանցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչները՝ ծնված 1990թ., հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-38-104-րդ հոդվածի(սպանության օժանդակելը, նախապատրաստելը)  2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով, 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը )1-ին մասով, 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ եւ 9-րդ կետերով: Նրա հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով: 56-ամյա տղամարդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 9-րդ կետերով, իսկ 19-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ  268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին