▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սմերչը»` իրականում. Ինչու՞ չի խոսվում այն մասին, որ մենք նման համակարգ ունեինք ավելի վաղ

ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստն, անշուշտ, անսպասելի հարված էր, և այդ առումով օրինաչափ էին  նաև հանրության շրջանում տիրող անհագստությունն ու տարակուսանքը:   Դրան անմիջապես հաջորդած ադրբեջանական շքերթը`  մասնավորապես  Ռուսաստանից գնած «Սմերչ» հրթիռահրետանային համալիրների ցուցադրությունը, Ալիևի ռազմատենչ հայտարարությունները, պատերազմի կոչերը կարծես թե  խուճապային տրամադրությունների պատճառ դարձան:  «Սմերչ»-ի  հնարավորություններն ու առանձնահատկություններն առ այսօր քննարկվում են, իսկ գնահատականներն ու մեկնաբանությունները  հիմնականում չափազանցված են, հաճախ էլ  միմյանց հակասող  ու խիստ ծայրահեղ:  Ինչո՞վ էին պայմանավորված մեզանում «Սմերչ» համալիրի մասին չափազանցված պատկերացումները, որո՞նք են զինատեսակի առավելություններն ու թերությունները: Մեր Զինված ուժերը որքանով են պատրաստ համարժեք պատասխանի. այս և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

 Արծրուն Հովհաննիսյանի համոզմամբ` մարդիկ այս կամ այն երևույթի նկատմամբ գնահատականներում շատ հաճախ ծայրահեղությունների գիրկն են ընկնում: Հաճախ մասնագիտական վերլուծությունը մարդկանց չի հետաքրքրում, մտածում են` կամ ամեն ինչ է, կամ ոչինչ:

«Այսինքն` եթե ինչ-որ մեկը փորձում է իր զենքը գովազդել, և ներկայացնում է, որ այն ամենազոր է, իսկ մասնագետը պնդում է, որ այդպես չէ, դա չի նշանակում, որ այդ զենքը ոչինչ է, բայց պետք չէ նաև չափազանցնել հնարավորությունները:  Այո, «Սմերչը»  հզոր  զենք է,  բայց կատարյալ չէ: Չի կարելի չափազանցնել` դարձնել ատոմային ռումբ կամ երկրորդը` ատոմային ռումբից հետո:  Համալիրն ունի իր առանձնահատկությունները, իր հզորությունը, առավելությունները, բայց նաև թերությունները: «Սմերչը» ոչ այնքան ունիվերսալ զենք է, որքան սովորական հրետանային միջոցները: Վերջիններն առավել ունիվերսալ են, ավելի կիրառելի:  Այս համալիրը որոշակի  պայմաններում կարող է  շատ արդյունավետ լինել, մեկ այլ պարագայում`  ընդհանրապես  որևէ ազդեցություն չունենալ»,- մեզ հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով.

«Ինչու՞  չի խոսվում այն մասին, որ մենք նման համակարգ ունեինք  ավելի վաղ: 1999-2000 թթ մեր ԶՈւ-ն արդեն ուներ այդ համալիրը: Այսօր մենք ավելի հզոր զինտեխնիկայի ենք  տիրապետում, սակայն դրանք ցուցադրելու անհրաժեշտություն չկա»:

Արծրուն Հովհաննիսյանը տարակուսանք հայտնեց, թե` եթե ռուսական հեռուստաալիքը իր զենքը գովազդելու համար տեսանյութ է տեղադում, ինչու՞  ենք դա  ընդունում որպես ճշմարտություն,  իսկ մյուս բոլոր փաստարկները չեն ընդունվում:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին